Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը՝ աղմկոտ տեսանյութի մասին. «Պետության արձագանքը պետք է լինի իրավախախտմանը համաչափ»

Հունիս 09,2020 12:36

«Պարետի որոշումների կատարումը, որը կարեւոր է եւ կյանքեր է փրկում, ոստիկանի կողմից անհամաչափ ուժ կիրառելու իրավունք, այնուամենայնիվ, տալի՞ս է»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ.-ի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով այն տեսանյութը, որում օրերս ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում:

Արման Թաթոյանը տեղեկացրեց. «Մեր աշխատակազմի ներկայացուցչին հանձնարարել էի այցելել ոստիկանական բաժին՝ բերման ենթարկվածին եւ ոստիկաններին լսելու, պարզաբանումներ ստանալու: Մեր հայտարարությունն այդ տեսանյութի առթիվ հիմնված է եղել ոստիկանական բաժնում արդեն իսկ կատարված աշխատանքի վրա: Հատուկ նշեմ՝ իհարկե, ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն, եւ, այո, ինչպես ամեն իրավական պետությունում, այնպես էլ ՀՀ-ում խախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության»:

Թաթոյանը շեշտեց. «Բայց կարեւորեմ այն, որ իրավապահներին մեր ուղերձները հղելիս պետք է շեշտել՝ պետության արձագանքը միշտ պետք է լինի համաչափ կատարված իրավախախտմանը»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հիվանդանոցների ծանրաբեռնվածության պատճառով կորոնավիրուսով երկու հիվանդների մահվան դեպք է գրանցվել, Արման Թաթոյանը հայտնեց՝ լրացուցիչ գրություններ է հղել, որպեսզի պարզաբանումներ ստանա. «Պարետատան հետ ամեն հարցով կապի մեջ ենք, ես անձամբ կապի մեջ եմ պարետի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930