Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր է դրել Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի առաջ. վարչապետի պարզաբանումը

Հունիս 09,2020 12:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն էդուարդ Մարտիրոսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա իր ծառայությունն իրականացրել է բավականին բարդ ժամանակաշրջանում:

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ մաղթեց ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին և ընդգծեց. «Իհարկե, ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք նաև, որ մարտահրավերները և նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակն անընդհատ բարելավելու և բարեփոխելու կարիք ունեն: Եվ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում: Անվտանգություն հասկացության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում է. ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնք նախկինում կանխատեսելի չէին՝ օրինակ՝ կորոնավիրուսի համավարակը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն երկու տարին, որ աշխատել են, բավարար ժամանակ է, որպեսզի ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները, ներկայացուցիչները դիրքավորվեին ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ: Այնուհետև զգուշացրեց՝ եկել է ժամանակն ամփոփելու, թե տրված հնարավորություններն ով, ինչպես է օգտագործել: Եվ այս առումով պետք է հնչեն կոնկրետ պատասխաններ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ իր համար կարևորագույն խնդիր է եղել այնպիսի կարևագույն կառույցներում, ինչպիսին են ուժային մարմինները, ապահովել համակարգերի կայունությունը, չանել անկանոն գործողություններ և շարժումներ և ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլորը, որոնք ունեն դրա մղումն ու ձգտումը, ադապտացվեն և դիրքավորվեն նոր իրողությունների նկատմամբ: Ըստ վարչապետի՝ հիմա եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային, պաշտոնեական առաջխաղացման հստակ սկզբունքներ, և դրա հիմքում դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը, ազգային անվտանգության ծառայության կանոնադրական և օրենսդրական խնդիրների լուծումը և ՀՀ ազգային անվտանգության ապահովումը բոլոր ոլորտներում: Ցավոք, ինչպես պետական կառավարման շատ մարմիններում, մենք տեսնում ենք, որ դեռևս կան մարդիկ, որոնք գործում են այս շահերին և տրամաբանությանը հակառակ, և դա անելու համար երբեմն չարաշահում են գերատեսչական համերաշխությունը, ինչը շատ կարևոր է ցանկացած կառավարման գործունեության համար: Բայց մյուս կողմից պետք է ապահովենք, որ այդ գերատեսչական համերաշխությունը որևէ մեկի համար առիթ չդառնա չարաշահելու այն և գործելու ծառայության կանոններին և շահերին հակառակ»:

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը, դիմելով Արգիշտի Քյարամյանին, ասաց. «Համոզված եմ, որ կկարողանանք ԱԱԾ պրոֆեսիոնալ կարողությունների ներուժը համախմբել Ձեր շուրջ և ԱԱԾ-ն նոր հաջողությունների, փառքի և նոր իմիջի հասցնել, որն ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների, մեր ժողովրդի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930