Արցախի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել։ Օրակարգում Արցախի գլխավոր դատախազի ընտրության հարցն է։
Գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանը իր ելույթի ընթացքում նշեց, գործող դատախազաքննչական աշխատակիցների մասնագիտական որակավորման և գործնական ունակությունների բարձրացման խնդիրը լուծելու համար շարունակվելու է Հայաստանի Հանրապետության դատախազության հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնումը․ «Յուրաքանչյուր դատախազի թիվ մեկ խնդիրը պետք է հանդիսանա իր գործունեությամբ դատախազության հեղինակությունը բարձր պահելը և դատախազի բարի համբավը։ Ու հետայսու ավելի հետևողական վերաբերմունք է դրսևորվելու վարքագծի կանոնների այն խախտման դեպքերի նկատմամբ, որոնց հետևանքով կվարկաբեկվի կամ կասկածի տակ կդրվի համակարգի հեղինակությունը»։
Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային խնդիր է․ «Բարձր գիտակցելով և գնահատելով նախկին տարիներին այս ոլորտում իրավապահ մարմինների արձանագրած հաջողությունները, դատախազությունը շարունակելու է նոր ուղղություններ մշակել նշված պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հաշվի առնելով կոռուպցիոն երևույթների լատենտային բնույթը, մեր խնդիրն է հանդիսանալու պետական մարմինների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության հետ անհրաժեշտ և պատշաճ մակարդակով համագործակցության իրականացումը, որն ապահովելու համար նախևառաջ նպատակ ենք դնելու բարձրացնել հանրության վստահությունը իրավապահ բոլոր մարմինների նկատմամբ»։
Կարդացեք նաև
Մհեր Աղաջանյանը հավելեց, որ հանրության վստահությունը և աջակցությունը ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ, միաժամանակ պահպանելով նախաքննության գաղտնիության և անմեղության կանխավարկածի սկզբունքները. «Յուրաքանչյուր դատախազ հասանելի է լինելու քաղաքացիների համար, կազմակերպվող ընդունելությունները լինելու են բովանդակային և նպատակային, որոնց ընթացքում բարձրացված բոլոր հարցերով իրականացվելու են բազմակողմանի ստուգումներ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ