Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ոստիկանն իրեն պաշտպանելուց առաջ, ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել». «Ժամանակ»

Հունիս 09,2020 11:44

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուժ կիրառելով բերման ենթարկելու տեսանյութում չեն պահել պարետի պահանջը, այնպես են շփվել այդ քաղաքացու հետ, որից հետո իրենք պետք է անպայման մեկուսացվեն: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը՝ խոսելով ոստիկանների և առանց դիմակ քաղաքացու հետ օրերս տեղի ունեցած միջադեպի մասին:

«Առաջին՝ ոստիկանները ոչ միայն չեն պահել այդ հեռավորությունն, այլև՝ եթե ուշադիր նայել եք, այնտեղ ոստիկանների դիմակը ընկել էր, հետո վերցնում նորից դնում են: Այդ ոստիկանները պետք է մեկուսացվեն: Դա մեկ:

Երկրորդը, որ ասում են ոստիկանությունը հնարքներ էր կիրառել, ուրեմն՝ ոչ մի հնարք չի կիրառվել: Այնտեղ եղել է, կոպիտ ասած, շատ կներեք, խառը կռիվ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ դա խոսում է այն մասին, որ ոստիկանների մարտական պատրաստվածության գործընթացները, դասընթացները կա՛մ անցկացվել են ձևական, կա՛մ այդ դասընթացներն անցկացնողը գիտելիք ընդհանրապես չի ունեցել:

Վանյանը նշեց՝ կողքից այնպիսի տպավորություն էր, որ կարծես տղայական «ռազբորկա» է տեղի ունենում: «Ես իմ անձնակազմին, երբ սովորեցնում էի, որ եթե քաղաքացիների մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում, քաղաքացիները կարող էին խառնվել այդ հրմշտոցի մեջ ու պաշտպանել այդ մեկ քաղաքացուն: Որովհետև իրենց համար անհասկանալի է, թե ինչու է այդ 5 ոստիկանը քաղաքացու վրա հասել ու քացով խփում, թե ինչ էին անում: Եթե ես կողքից տեսնեի, որ քաղաքացու հետ այդպես էին վարվում, ես կխառնվեի ու կպաշտպանեի այն անձին, որի վրա հարձակվել են: Եվ որպեսզի այսպիսի տպավորություն չստեղծվեր, կին կամ տղամարդ ոստիկանը, որը ազատ էր հրմշտոցից ու չէր խառնվում, ինքը պարտավոր էր քաղաքացիներին իրազեկել ու հայտարարել ոստիկանության գործողությունների իմաստը և պատճառը: Եթե ինքը դա հայտարարեր, այդ տեսանյութը չէր հայտնվի համացանցում, ու ոստիկանությունը այդպիսի վատ վիճակի մեջ չէր լինի: Նրանք պետք է հայտարարեին, որ հարգելի քաղաքացիներ, մենք կատարում ենք պարետի որոշումը, քաղաքացին չի ենթարկվում ոստիկանության հրահանգին: Մարդիկ էլ կհասկանային, որ դա «քուչի կռիվ» չէ, շատ կներեք: Դա իրենց պարտականությունն է, որը չեն կատարել ու չեն կատարում»,- մանրամասնեց Աշոտ Վանյանը:

Տեսանյութում երևում է, որ հրմշտոցից հետո իրենց գործընկերներին միացած ոստիկանները փորձում էին հետ պահել վերջիններիս, որպեսզի ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառում չլինի քաղաքացու նկատմամբ, նկատեց Վանյանը:

Աշոտ Վանյանը պնդում է, որ ֆիզիկական պատրաստվածության տեսակետից ոստիկանները գտնվում են շատ ցածր մակարդակում, և դա է վկայում տարբեր տարիների իրենց գործողությունները, քաղաքացիներին անփույթ կերպով բերման ենթարկելը և այլն:

Ոստիկանության նախկին սպան շեշտեց, որ դրսում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը պետք է ավագ լինի, դա օրենքով է սահմանված: Իսկ այդ տեսանյութի մեջ Վանյանը չի նկատել ավագ ոստիկանի կամ ոստիկանի, որը ղեկավարում է 5-6 ոստիկանի: «Դա կանոնագրքերի խախտում է: Հստակ նշված է, որ երկու զինծառայող կամ ոստիկան, եթե ծառայություն են իրականացնում, նրանցից մեկը պարտադիր պետք է ավագ լինի: Ավագ է պաշտոնով կամ կոչումով բարձրը: Մենք դա չտեսանք: Մենք տեսանք անհասկանալի ինչ-որ բան»,- ասաց Աշոտ Վանյանը:

«Իրենք պարտավոր ենք տեղում այդ թերությունը վերացնել: Տրամադրել դիմակ, ու խնդիրն ավարտվի: Իրենց առջև խնդիր է դրված անվտանգությունն ապահովել ու վարակը չտարածելը: Փող հավաքելով՝ վարակի չտարածելը չի ավարտվում: Եթե մենք տեսնում ենք՝ քաղաքացու հանդեպ դիմակ չկրելու համար ուժ են կիրառում ու արդյունքում քաղաքացին էլի մնում է առանց դիմակի, բերման ենթարկելու և ուժ կիրառելու իմաստը ես չեմ հասկանում: Առաջարկ պարետին՝ բոլոր խախտում կատարած անձանց, որոնց տուգանում են ոստիկանները, պարտավոր են այդ պահին այդ թերությունը վերացնել, որպեսզի մարդիկ չմտածեն, որ նպատակն իրենց տուգանելն է, ոչ թե անվտանգությունը»,- արդարացիորեն նշեց Աշոտ Վանյանը:

Աշոտ Վանյանն իր խոսքն ավարտեց նոր պարեկային ծառայության ստեղծման վերաբերյալ կարծիքով: Նրա խոսքերով՝ ամենակարևորն այն է, որ այդ պարեկային ծառայությունը հարգանք վայելի ժողովրդի մոտ. «Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ոստիկանն իրեն պաշտպանելուց առաջ, ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել»:

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930