Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, և պետք է նոր էներգիա հաղորդել». Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ոստիկանության նոր պետին

Հունիս 09,2020 11:36

«Ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, և պետք է նոր էներգիա հաղորդել, ինչքան էլ անհնար թվա: Շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա՝ այդ էներգիան հաղորդելը և ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության նոր պետ Վահե Ղազարյանին:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ:

Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ շատ բարդ և անսպասելի ժամանակներ ու իրավիճակներ ունեցանք, և այսօր մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է: Ըստ վարչապետի՝ վերջին երեք ամիսներին ոստիկանությունն այս առումով շատ ծանր աշխատանք է կատարել. ըստ էության անդադար աշխատանք, և այդ աշխատանքի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել և ընկալումներ փոխվել: Նա շեշտեց՝ առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը:

Վարչապետը հուսով է՝ համավարակը ժամանակավոր է, և մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ, բայց ոստիկանության գործառույթները շարունակվում են բոլոր իրավիճակների համար առանցքային մնալ ՀՀ-ում իրավակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության պաշտպանության առումով. «Ոստիկանության համազգեստը յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար ունենա խիստ զգաստացնող նշանակություն և մյուս կողմից ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին պետք է իրեն զգա պաշտպանված, նրան պետք է ընկալի որպես յուրայինի, ում աներկբա կարելի է դիմել սեփական խնդիրներով»:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, որը շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում հանցագործների և իրավախախտների հետ. «Հանցագործների հետ շփման ժամանակ պետք է զգացվի դաժան, չսասանող ձեռք, քաղաքացիների հետ շփումներում՝ ամուր թիկունք, վստահություն և պաշտպանվածություն»:

ՀՀ վարչապետը հավաստիացրեց՝ 2018-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար կարևոր խնդիր է եղել ուժային կառույցների և մասնավորապես ոստիկանության կայունությունը. «Ոստիկանության որևէ աշխատակցի չեմ ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվող մարդ: Դուք բոլորդ վկա եք, որ նման վերաբերմունք որևէ նվազագույն անգամ չի եղել: ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են այդ շանսը, հնարավորությունը դիրքավորվել նոր Հայաստանի նոր իրողությունների, արժեքների և նոր նպատակների համար: Հիմա ժամանակն է ամփոփել՝ ով, ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը: Բոլոր այն մարդիկ, որոնք օգտագործել են այդ հնարավորությունը և տվել են կոնկրետ արդյունքներ, իրենք պետք է տեսնեն, որ ՀՀ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման բոլորովին այլ սկզբունքներ են գործում. չկա ծանոթ, թիկունք, չկա առանց թիկունք, այլ կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն: Բոլոր այն մարդիկ, որոնք գնացել են այս ճանապարհով, պետք է գնահատված զգան իրենց, նրանք, որոնք քամահրական վերաբերմունք են ցուցաբերել, այս ճանապարհին, պետք է գնան իրենց ճանապարհով, նրանք այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930