Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցը` բամբասանքի միջավայր. ինչու են մարդիկ հեշտությամբ հավատում սուտ լուրերին. «Ամերիկայի ձայն»

Հունիս 09,2020 10:31

«Ամերիկայի ձայն». Անմիջապես այն բանից հետո, երբ սկսեց տարածվել նոր կորոնավիրուսն աշխարհում, դրա տարածման արագությունից ավելի մեծ արագություն ձեռք բերեցին վիրուսի շուրջ դավադրությունների տեսությունները: Մարդիկ, որպես ազատ հարթակ ընտրելով սոցիալական ցանցերը, սկսեցին միմյանց փոխանցել կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարմինը քլորով պատելու կամ սխտոր ուտելու մասին խորհուրդներ: Արդյունքում` մարդկանց երեսուն տոկոսը սկսեց անհամաչափ կերպով քլորի կիրառում եւ սխտորի ընդունում:

Հետո տարածվեցին լուրեր, թե իբր 5G մոբիլ ցանցերն են տարածում կորոնավիրուսը եւ ավելի ծանրացնում վարակվածների առողջական վիճակը: Արդյունքում` Եվրոպայի տարբեր հատվածներում մարդիկ այրեցին բջջային կապի համար նախատեսված ալեհավաք տասնյակ աշտարակներ:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ տարածում սուտ լուրեր, եւ ինչո՞ւ են մյուսները հեշտությամբ հավատում դրանց:

Ինչպես Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի փորձագետներից Ջոն Քուքն է ասում, «Ամեն անգամ, երբ սկսվում են համաճարակներ եւ դրանց զուգահեռ` ծնվող հարցեր, մարդիկ փորձում են յուրովի տալ իրենց բացատրությունները, քանի որ շատ հաճախ չեն ստանում իրենց բավարարող պատասխաններ ու բացատրություններ: Ուրեմն, նրանք սկսում են հավատալ բամբասանքներին, ասում են փորձագետները եւ ավելացնում, որ դրա համար լավ հարթակ են դառնում սոցիալական ցանցերը, երբ մարդիկ հավատում են այն ամենին, ինչը գրված է ինչ-որ տեղ:

Եվ սկսում են տարածվել դավադրությունների մասին պատմություններ, տեսություններ, վարկածներ, դրանք կապելով այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում նույն ժամանակահատվածում: Օրինակ, եթե կորոնավիրուսն ու 5G կապը սկսել են տարածվել նույն ժամանակահատվածում, ուրեմն դրանք կապված են միմյանց հետ: Ահա դավադրությունների տեսությունների գլխավոր հիմքը:

Իսկ, եթե պատահի, որ հանկարծ ինչ-որ կարծիք հայտնի որեւէ մեկը հեռուստատեսությամբ, արդեն կարեւոր չէ, թե տվյալ անձը որքանով է տիրապետում այդ թեմային, նրա ասածն անմիջապես դառնում հիմք նոր դավադրության մասին: Օրինակ կարելի է բերել հունվարի 22-ին Բելգիայի թերապեւտ-բժիշկներից մեկի այն հարցազրույցը, որտեղ նա ասում է, թե 5G-ը սպառնում է մարդու կյանքին եւ կապ ունի կորոնավիրուսի տարածման հետ: Չնայած նրա հարցազրույցը համացանցից անմիջապես հեռացնելու փաստին, նրա առաջարկած վարկածը դարձավ հիմք կեղծ լուրերի ու վախի մթնոլորտի տարածման համար: «Իսկ, երբ մարդիկ զգում են վտանգ կամ ուզում են գտնել բացատրություններ, սկսում են հորինել դավադրությունների մասին տեսություններ»,- ասում է փորձագետ Քուքը:

«Եվ ապատեղեկատվությունը տարածվում է այնքան արագ, որքան ճշմարիտ տեղեկատվությունը, եւ գուցե` երբեմն ավելի արագ»,- ասում է փորձագետներից Լեթիսիա Բոուդը Ջորջ Թաունի համալսարանից: Ապատեղեկատվությունը, ըստ մասնագետների, ավելի է սերմանվում մարդկանց շրջանում, երբ այն կրկնվում է մի քանի անգամ: Իսկ երբ, ապատեղեկատվություն է տարածվում միտումնավոր կերպով, այն դառնում է ավելի վտանգավոր: «RT America» ռուսական կայանը 5G-ի մասին ապատեղեկատվություն էր սկսել տարածել դեռեւս մինչեւ կորոնավիրուսի վարակը, որի նպատակը, ինչպես Նյու Յորք Թայմսն է գրում, փորձ էր կասեցնելու դրա տարածումը, մինչեւ Ռուսաստանն ինքը կհասցներ ստեղծել իր արագ կապը հեռախոսային ցանցում:

Դավադրությունների տեսություններին հավատալու հարցերով հոգեբան Վան Քերչհովենի խոսքերով, կա մանդկանց մի հատված, որը հեշտությամբ է հավատում այս կամ այն դավադրության մասին վարկածին ըստ իրենց քաղաքական դիրքորոշման: Համաճարակների դեպքում, հատկապես, սկսում են շրջել դավադրությունների մասին վարկածներ, որոնց համաձայն դրանք կենսաբանական զենք են, եւ թե այդ պատճառով է, որ չեն գտնում պատվաստանյութ ընդդեմ այդ հիվանդության:

Այնպես որ, ասում են փորձագետները, մարդիկ պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկությունների աղբյուրը: Տվյալ տեղեկությանը հավատալու համար հարկավոր է դրա մասին ստանալ նաեւ այլ աղբյուրների կողմից հաստատում: Հակառակ դեպքում, ասում են նրանք, համացանցը դառնում է բամբասանքի միջավայր, իր մեջ ներքաշելով էժանագին հորինվածքներին կուլ գնացողներին:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930