Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կյանքը շարունակվում է

Հունիս 09,2020 10:00

Կարելի՞ է արդյոք կորոնավիրուսի վարակի տարածման այս վտանգավոր ժամանակաշրջանում զբաղվել քաղաքականությամբ: Ճիշտն ասած, այս հարցի պատասխանը ես չունեմ: Բայց պարզ է մի բան՝ եթե չի կարելի, ապա այդ արգելքը պետք է տարածվի բոլոր քաղաքական ուժերի վրա. չի կարող պատահել, որ իշխանությանն ու իշխանամետ գործիչներին թույլատրվի զբաղվել քաղաքականությամբ, իսկ ընդդիմադիրներին՝ ոչ:

Զուտ տեսականորեն ես կարող եմ պատկերացնել այնպիսի մի տարբերակ, երբ ժամանակավորապես, մինչեւ հատուկ դրության ավարտը կասեցվում է խորհրդարանի աշխատանքը եւ բոլոր (շեշտեմ` բոլո՛ր) կուսակցությունների գործունեությունը: Բայց սոցիալական ցանցերի դարում այդ տարբերակն, ըստ էության, հնարավոր չի լինի իրագործել:

Մնում է շարունակել ապրել սովորական քաղաքական կյանքով՝ իհարկե, իրավիճակից ելնելով, պահպանելով, որքան հնարավոր է, էթիկական որոշ նորմեր: Այստեղ էլ առանձնապես լավատես չեմ, որովհետեւ «քաղաքականություն» եւ «էթիկական նորմեր» հասկացություններն, իմ կարծիքով, անհամատեղելի են:

Որքանո՞վ բնական կլիներ, որ խորհրդարանում առավել խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարը այս բարդ իրավիճակում ոչ մի ձայն չհաներ: Ինձ թվում է, նա պարտավոր էր ներկայացնել իր մոտեցումները: Որքանո՞վ են Գագիկ Ծառուկյանի մոտեցումները ճիշտ, որքա՞ն գրագետ են շարադրված, դա այլ հարց է, բայց նա, ինչպես նաեւ իր եւ մնացած խմբակցությունների պատգամավորները, պարզապես իրավունք չունեն լռելու:

Իհարկե, իշխանություն ներկայացուցիչները պետք է նրան ու մնացած ընդդիմադիրներին հակադարձեն, ու դա նույնպես տեղավորվում է քաղաքական գործունեության շրջանակներում: Ի դեպ, ի պատասխան քննադատության՝ քրեական հետապնդմամբ սպառնալը նույնպես քաղաքական պայքարի դրսեւորում է. մեր նման երկրներում ուժային «մահակը» իշխանության ձեռքում է, եւ անցած գրեթե 30 տարվա ընթացքում իշխանությունն այդ «մահակից» օգտվում է: Վարչապետը, նախարարները, «Իմ քայլի» պատգամավորներն ազատորեն արտահայտվում են իրենց քաղաքական ընդդիմախոսների մասին, ինչո՞ւ վերջիններս չպիտի նույնն անեն:

Դառնալով ընդդիմության մի մասի ասածների բովանդակությանը, ասեմ, որ ես դրա հետ կտրականապես համաձայն չեմ. կառավարության փոփոխության եւ հրաժարականների պահանջներն ինձ չափազանց անպատեհ են թվում: Այս ծանր վիճակում մեզ միայն իշխանական վերադասավորումներն էին պակաս: Իսկ երբ վարակը նահանջի (իսկ Հայաստանի դեպքում դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով կսկսվի կիրառվել «Covid-19»-ի պատվաստանյութը), կառավարությունը կարող է ասել՝ «մենք կառավարման համակարգից եւ, մասնավորապես, համավարակի դեմ պայքարից գլուխ չհանեցինք, թող գան նոր մարդիկ, որոնք ավելի լավ կկատարեն այդ գործը»: Բայց աշխարհիս երեսին մարդկության ողջ պատմության մեջ չի եղել մի կառավարություն, որը նման բան կասեր:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ի տարբերութիւն այս նիւթին վերաբերող շատ մը այլ յօդուածների, ողջունելի է որ այս Խմբագրականում գոնէ նկատի առնուած է էական տարբերութիւնը՝ իշխանութիւն փոխելու եւ կառավարություն փոխելու միջեւ

    սակայն, փոխանակ կառավարութեան փոփոխութեան նիւթը «անպատեհ» համարելու, տարբեր տեսանկիւնից, կարելի է զայն տեսնել, ընդհակառակը, որպէս – անճոռնի է այսպէս ասելը, բայց այլ ձեւ չկայ – համաճարակին… «օգուտը»

    Փաշինյանի ամէնաէական սխալը այն եղաւ որ, ի սկզբանէ, չհասկացաւ թէ՝ միայն ինքն իրմով, բացառապէս իր խմբաւորման անդամներով, առարկայականօրէն եւ բառացիօրէն՝ անկարելի է որ կարողանար իրականացնել որեւէ նշանակալից բան… անհրաժեշտ էր որ գոյացնէր քաղաքական այլ – բազմաթիւ – հոսանքների, ուժերի հետ համախմբում.

    համաճարակի առիթով, հաւանաբար վերջին առիթն է որ նա կարողանայ սրբագրել այդ ճակատագրական սխալը. մի քանի իմքայլական նախարար փոխարինելով այլ կուսակցութիւնների պատկանող – կամ նոյնիսկ անկուսակցական -, ատակ եւ ընդունակ անձերով. պետական ընդհանուր պաշտօնէութիւնն ալ ըստ այնմ վերադասաւորելով, որպէս բարելաւում.

  2. henri says:

    Կը համարիմ որ Հ.Շ.-ի գրառման վերջին
    պարբերութիւնը շատ ողջամիտ առաջարկ է ։

  3. nona says:

    արդի սանձարձակ ժխորի մեջ վերջապես մի սթափ ձայն լսվեց

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930