Վերակենդանացման բաժանմունքում բժիշկ Սարգիս Ղազարյանը ասաց, որ ուղիղ երկու ամիս է տուն չի գնացել, և երեք անգամ հեռվից տեսել է իր ծնողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի այցելեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այստեղ նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։
Արսեն Թորոսյանը ասաց, որ այստեղ բուժվում են ամենամեծ թվով հիվանդները՝ 360 հիվանդ բաժանմունքներում է, իսկ 77-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Արման Հովակիմյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ երեկ ազատ մահճակալ ունեն վերակենդանացման բաժանմունքում, նաև սպասվում են տեղափոխություններ և նոր հիվանդների ընդունելություն։
Վերակենդանացման բաժանմունքում բժիշկ Սարգիս Ղազարյանը ասաց, որ ուղիղ երկու ամիս է տուն չի գնացել, և երեք անգամ հեռվից տեսել է իր ծնողներին: Անդրադառնալով բաժանմունքում բուժում ստացողներին՝ բժիշկն ասաց․ «Բոլորը ծանր պացիենտներ են։ Հիմնական խնդիրը շնչառական անբավարարվածությունն է, որի պատճառով էլ այս բաժանմունքում են գտնվում»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանին բժիշկները խորհուրդ էին տվել չծանրաբեռնել հիվանդներին, սակայն, վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող Գագիկ Շահնազարյանը խնդրեց վարչապետին իրեն մոտենալ․ «Ինձ փրկել է այս վերակենդանացման բաժանմունքը։ Երեկ չէ առաջին օրը մահացած վիճակում գիշերվա կեսին՝ ժամը 12-ին, մեծ խնդիրներով հասել ենք այստեղ։ Հալալ է այս անձնակազմին, շատ գոհ ու շնորհակալ եմ, չգիտեմ՝ վերաբերմունքը ոնց ցուցաբերենք։ Նույնիսկ աբսուրդի է հասնում․ մի քանի հոգի էին, որ ինձ փրկեցին, ասում եմ՝ գոնե անուն-ազգանուն ասեք, որ վաղը ձեռք սեղմեմ, շնորհակալություն հայտնեմ»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/182486036492276/
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ