Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Իշխանությունը գործ ունի կոնսոլիդացված ընդդիմության հետ. Վիգեն Հակոբյանը` Գագիկ Ծառուկյանի ելույթից` «Իմ քայլի» նյարդային արձագանքի մասին

Հունիս 08,2020 22:25

Aravot.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

– ԲՀԿ առաջնորդի քննադատությունը հունից հանեց իշխող իմ քայլը խմբակցության ներկայացուցիչներին: Ինչո՞ւ:

– Պարզ է, որ ԲՀԿ-ի բավականին հստակ դիրքորոշումը, քաղաքական դաշտում իրենց դիրքավորման հստակությունը, բավականին նյարդային է ընկալվել «Իմ քայլի» կողմից: Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ միայն ԲՀԿ-ի որդեգրած կոշտ դիրքորոշումն է, այլ մեր քաղաքական դաշտում տեղի ունեցող ընդհանուր գործընթացները: Այսինքն, մենք տեսնում ենք, որ մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր այս կամ այն ձեւով, ըստ էության, պահանջում են այսօրվա իշխանության հրաժարականը:

Հակաճգնաժամային կառավարություններ, ազգային համաձայնության կառավարություններ. տարբեր անուններ են տրվում, սակայն էությունն այն է, որ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա եւ ձեւավորվի նոր կառավարություն՝ էությամբ հակաճգնաժամային, իսկ ձեւավորման ֆորմատով՝ բազմաքաղաքական կամ ազգային համաձայնության:

Այստեղ, բացարձակ զարմանալի չէ, որ սուր հրաձգություն է գնում: Վերջին երկու տարիների ընթացքում սովորել ենք, որ շատ ավելի մեղմ պայմաններում եւ շատ ավելի լոկալ խնդիրների շուրջ լուրջ բախումներ էին գնում: Հիմա իրավիճակն առավել լուրջ է, քանզի ընդդիմությունը եւ այն քաղաքական ուժերը, որոնք նույնիսկ չեն կապվում նախկինների հետ, ինչպիսիք են, օրինակ «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունները, նույնպես հանդես են եկել նմանօրինակ հայտարարություններով: Կարծեք թե նույն դիրքում է նաեւ ՀՅԴ-ն: Իշխանությունը գուցե համարում է, որ քաղաքական ուժերի այս կոնգլոմերատում ԲՀԿ-ն խոցելի է: Այն, ինչ երկու տարի չէին խոսել, սկսել են վերհիշել: Այսօր իշխանությունը գործ ունի ավելի կոնսոլիդացված ընդդիմության հետ, ներառյալ իրենց համար ամենավտանգավորը՝ ուժեր, որոնք ուղղակիորեն նախկիններ չեն, ուստի կարող են հանդես գալ որպես այլընտրանք. ընդ որում ոչ թե նախկինների եւ ներկաների, այլ ներկաների եւ ապագայի այլընտրանք:

ԲՀԿիր կոշտ դիրքորոշումը որքա՞ն կկարողանա պահպանել՝ նկատի ունենալով, որ նման կոշտ դրսեւորում եղավ նաեւ մի քանի տարի առաջ՝ 2015-ին, «հրաշալի քառյակի» շրջանակներում, բայց ԲՀԿն չկարողացավ ամուր կանգնել իր դիրքերում:

– Նման տրամաչափի կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, քանզի, ամեն դեպքում սա քաղաքականություն է: Կարող եմ ենթադրել, ուր մինչեւ նման որոշման հանգելը ԲՀԿ-ն եւ իր առաջնորդը ծանր ու թեթեւ են արել: Մենք տեսել ենք, որ Ձեր հիշատակած 2015թ. իրադարձություններից հետո եղան քաղաքական տարբեր քայլեր եւ ԲՀԿ-ն միշտ փորձում էր զգույշ լինել, իր համար գծած «կարմիր գիծը» չանցնել: Սա տեսանելի էր նաեւ 2018թ. իշխանափոխության ընթացքում եւ դրանից հետո: ԲՀԿ-ն այս շրջանում ամեն ինչ ծանր ու թեթեւ էր անում` թե քաղաքական, թե տնտեսական, թե ներքին եւ արտաքին քաղաքական գործոնների համատեքստում: Եթե այսքան բալանսավորված ԲՀԿ-ն գնում է նման կոշտ քայլի, ապա ենթադրում եմ, ծանր ու թեթեւ են արել: Մնացածը`շատ բան կախված է նաեւ ներքին քաղաքական դրությունից, իշխանության գործողություններից, իշխանության գրանցած անհաջողություններից՝ օրինակ, համավարակի դեպքում եւ այլն: ԲՀԿ-ն շատ փորձված է, առնվազն 2006թ.-ից շատ լուրջ փուլեր է անցել:

– Իսկ ինչպես կգնահատեք այսօրվա կադրային փոփոխությունների «աստղաբույլը», ուժային կառույցների քաղաքական նշանակումները:

– Ես կարծում եմ, որ ուժային կառույցներում փոփոխությունները Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է վերջին շրջանի քաղաքական զարգացումների նկատմամբ. կոնսոլիդացված ընդդիմություն եւ այլն: Սա, իհարկե, պայմանավորված է իշխանության անկարողությամբ եւ վատ մենեջմենթով, ոչ էֆեկտիվ կառավարմամբ, որոնք հանգեցնում են իշխանության ռեյտինգային կորուստների: Պարզ է, որ իշխանության կորուստները, անհաջողությունները լրացուցիչ հնարավորություն են տալիս ընդդիմադիր գործիչներին: Ընդհանուր առմամբ, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գրեթե խոստովանել էր, որ ինքը երկրում տեղի ունեցողի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա չի ստանում ոչ Ոստիկանությունից, ոչ ԱԱԾ-ից:

Հետո ֆլեշմոբի մակարդակով նա իր էջում ինֆորմացիայի այլ աղբյուր բացեց, երբ քաղաքացիներն էին տեղեկություն ուղարկում: Իհարկե, նման որակի եւ խողովակով եկած ինֆորմացիան կասկածելի է, սակայն լավ օրից չէ, որ երկրի ղեկավարը նման քայլի է դիմում: Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ուժայինների հետ խնդիր ունի: Հիմա ընդդիմության կողմից իշխանության հրաժարականի հարց է բերում քաղաքական օրակարգ, դրա համար էլ, Նիկոլ Փաշինյանը, զգալով վտանգը, փորձում է մոտ մարդկանց նշանակել ուժային պաշտոններում:

Սակայն նման կառույցներում միայն ղեկավար նշանակելը հարցը չի լուծում, կառույցը չի փլվում, բավականին լուրջ 10-ամյակներով ձեւավորված ավանդույթներ շարունակվում են: Վերջիվերջո, դրա համար են դրանք կոչվում հատուկ ծառայություններ: Դրա համար էլ այնտեղ մարդ նշանակելը չի նշանակում, որ այդ մարդն իրոք ղեկավարելու է համակարգը:

Իսկ ԳՇ պետի պարագայում ես ունեմ իմ անձնական տարակուսանքը: Գեներալ-լեյտենանտը փորձված մարդ է, «իմ քայլական» չէ, որ մանկամիտ քայլեր անի, չունի իշխանության ֆլեշմոբային մտածելակերպը եւ չեմ կարծում, որ նա չէր ենթադրում, թե իր արարքը (խոսքը ԳՇ պետի որդու աղմուկ հանած հարսանեկան արարողության մասին է-Ն. Գ.) ի՞նչ որոշման կարող է բերել: Սա հաշվի առնելով, մտածում եմ, որ այդ մարդն առիթ էր փնտրում, որպեսզի ի վերջո գնա: Օրեր առաջ ՊԵԿ Նախագահը նույնպես առիթ ստեղծեց, եւ կարծեք թե շատ չկառչեց իր պաշտոնից:

Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կորցնո՞ւմ է իշխանությունը, թե՞ վաղ է այդ մասին խոսել:

– Ես չեմ ուզում հիմա նման կտրուկ գնահատական տալ, սակայն իր կողմից իշխանական եւ պետական կառույցների նկատմամբ վերահսկողությունը թույլ է: Իսկ ամենավտանգավորը ցանկացած իշխանության համար հենց այն է, ինչ մենք տեսնում ենք հիմա. իշխանության հրամանները հասարակության կողմից լուրջ չեն ընդունվում եւ չեն պահպանվում: Սա նշանակում է, որ երկրի ներսում գործընթացների նկատմամբ վերահսկողությունը բավականին ցածր մակարդակի վրա է: Իշխանափոխությունից հետո մեր երկրում վերահսկողությունը պետական կառույցների, իշխանական գործոնների եւ հասարակության նկատմամբ ամենացածր մակարդակում է:

Նիկոլ Փաշինյանը մի աննախադեպ բան հայտարարեց` կորոնավիրուսն իր մոտ մեկ շաբաթում բուժվել է: Այսպիսով, նա որոշեց ինքնակամ մեկուսացումից վերադառնալ: Նա շատ լավ հասկանում է, որ սոցիալական ընդվզումներով հղի ճգնաժամը դեռ առջեւում է: Միայն PR ռեսուրսներով այլեւս անհնար է հարց լուծել, քանզի հասարակությունը սպասվածից այլ ռեակցիա է տալիս: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունն արել է խոսքով, սակայն խոսքով, առնվազն միայն իր խոսքով, սոցիալ-տնտեսական ճգնաժամ չի հաղթահարվի:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930