Ինչպես արդեն հայտնել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորք ինֆենկցիոն կլինիկական հիվանդանոցում էր։ Նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Հիվանդանոցում վարչապետը հանդիպեց և զրուցեց հիվանդների հետ։ Նրանցից մեկն ասաց, որ վարակվել է ամուսնուց, որը իր հերթին վարակվել է աշխատավայրում։ Նա նշեց, որ ունի թուլություն, մկանային ցավեր, գլխացավ, սրտխառնոց։
Մի կին էլ սպասում էր թեստի պատասխանի․ «Ես էլ եմ նոր եկել։ Բայց արդեն մի շաբաթից ավելի է, երևի յոթ օր տանն եմ եղել, երեկ գիշերն են բերել։ Ես մենակ չեմ, հարսս էլ հետս։ Տանը ունեինք հաստատված վարակակիր»։
Մեկ այլ կին շնորհակալություն հայտնեց իրեն հիվանդանոց տեղափոխող բժիշկներին․ «Ես գոհ եմ 17 բրիգադից, այդ բժշկից և վարորդից։ Քիչ է մնում գրկեմ, այդ ինչ ուշադիր ձևով ինձ բերեցին ու հասցրեցին այստեղ, որ ասելու չի։ Այնքան գոհ եմ, չգիտեմ՝ որտե՞ղ շնորհակալությունս հայտնեմ։ Բժիշկ Արամ Կարապետյան և իր վարորդը, շատ շնորհակալ եմ»։
Կարդացեք նաև
Մի երիտասարդ կին էլ ասաց, որ երկկողմանի թոքաբորբ է ունի, սակայն ջերմություն չի ունեցել․ «Մեզ ոչ մեկ ոչ մի բան չէր անում, 10 օր տանն էինք։ Երեկ գնացինք «կատե» արեցին, ասացին, որ լավ չի վիճակը»։ Վարակվել են նաև նրա ամուսինը և երեխաները, սակայն երեխաների մոտ թոքաբորբ չէր ախտորոշվել․ «Չենք շփվել ոչ մեկի հետ, աբսուրդ է էլի։ Տարածքում էլ չունենք հիվանդ»։
Կինը հավելեց, որ զգոն էին, ախտահանում էին ամեն ինչ, նույնիսկ՝ անձեռոցիկները։ Իսկ իրենց կազմակերպության հաշվապահի մահից հետո, դրանից հետո ավելի ուշադիր դարձան։
Նրա սկեսուրն էլ հավելեց, որ միշտ պահպանել են հակահամաճարակային կանոնները․ «Երբ խանութ էինք գնում կամ ինչ-որ մի տեղ, ամեն ինչ ախտահանում էինք, այնքան ուշադիր էինք, թե ինչի այդպես եղավ, որտեղից եկավ, չիմացանք»։
Ընտանիքը կասկածում է, որ վարակվել է երեխաներից, որոնք հաճախ են բակում խաղացել։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Ծնողները մեզ պետք է օգնեն այդ հարցում։ Մինչև չի գալիս մեզ չի հասնում լուրջ չենք վերաբերում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ