Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեկնաբանեց՝ ուժային 3 կառույցի բարձրաստիճան պաշտոնյաներին մեկ օրում ազատելը կապ ունե՞ր գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքի հետ

Հունիս 08,2020 20:30

Այսօր պարետատան նիստից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր առանձնատանը որդու հարսանիքն է կազմակերպել, ժամեր առաջ, վարչապետը հրապարակել է նրան պաշտոնից ազատելու տեղեկությունը, ինչից կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ռեժիմի խախտում է արձանագրվել: Խնդրում եմ մեկնաբանել՝ ինչպե՞ս եք գնահատում բարձրաստիճան զինվորականի կողմից նման արարքն այսպիսի պայմաններում»: ՀԺ-ի լրագրողը նաեւ հետաքրքրվել էր՝ տեղի ունեցածը կապ ունի՞ նաեւ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ազատումների հետ, նրանք նախօրոք չե՞ն իմացել միջոցառումների մասին, թե իմացել են եւ քայլեր չեն ձեռնարկել:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես ուզում եմ ասել, որ ճգնաժամը նրանով է ճգնաժամ, որ շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ՝ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին եւ նաեւ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն եւ հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձեւավորեն եւ կրկին ուզում եմ ասել, որ որոշումները, շատ հաճախ, ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում, բայց գալիս է  հասնում է մի գիծ, երբ որ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության եւ երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ եւ անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն եւ ստանում է առաջնահերթություն՝ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ: Ես, իհարկե, ցավում եմ նման զարգացումների համար, բայց, կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի կարգապահության շահը պահանջում է կայացնել այսպիսի որոշումներ: Առավել եւս պետական կառավարման բոլոր մարմինները, տեսական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան եւ անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին եւ օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը»:

Փաշինյանի խոսքով, չի կարծում, որ պաշտոններից ազատված պաշտոնյաների հայրենիքին ծառայություններ մատուցելու ներուժը սպառված է. « Ըստ իրավիճակի, հնարավոր եմ համարում քննարկել նրանց հետագա ծառայությունների հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930