Երեկվա դրությամբ ունեցել ենք 195 նոր դեպք: Այսօր պարետատան նիստից հետո, ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նախարարի, թիվը փոքր է, քանի որ ամենամեծ լաբորատորիան, որը հնարավորություն ունի կատարել օրական 1000-ից 1300 հետազոտություն կանգնած է եղել՝ պրոֆիլակտիկ աշխատանքների համար:
Նախարարի խոսքով, եթե համեմատենք նախորդ օրվա հետ, երբ արձանագրվել էր 766 դեպք, ապա երեկվա թիվը չի նշանակում, որ դեպքերը նվազել են. «Պետք է զգոնությունը չկորցնենք այնպիսի մի կարեւոր իրավիճակում, որը, հավանաբար, երկար է պահպանվելու»:
Թորոսյանի տվյալներով, այս պահին ունենք 403 ծանր բուժառու եւ 94 ծայրահեղ ծանր հիվանդներ. «Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր ծանր եւ ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան միայն կարող ենք հասնել ընդհանուր թվի նվազեցման արդյունքում»:
Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել. «Այն 2000 մահճակալները, որոնցից որոշները ծավալվել է ամբողջությամբ զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում, արդեն լուրջ աշխատանք են եղել ծավալման ուղղությամբ: Սա ի պատասխան, այն արտահայտությունների՝ ինչու մինչ այժմ չեն ծավալվել: Սակայն մենք միշտ ունեցել ենք ծավալման ընդլայնման քաղաքականություն, որն իր մեջ ներառելու է մարզային որոշ բժշկական հաստատություններ, որի ուղղությամբ մենք հիմա շարժվում ենք՝ թելադրված իրավիճակով պայմանավորված»:
Կարդացեք նաև
Ըստ Թորոսյանի, ծավալվել են նաեւ Վեդիի բժշկական կենտրոնը 100 մահճակալով, Սպիտակի բժշկական կենտրոնը 100 մահճակալով, որոնցում ներառված են նաեւ թթվածնային թերապիայով մահճակալներ, ինչպես նաեւ Դիլիջանի բժշկական կենտրոնը 50 մահճակալային ֆոնդով եւ 5 ռեանիմացիոն մահճակալով, Մարտունու բժշկական կենտրոնը՝ 40 մահճակալ ծավալով. «Երեւանում նույնպես ծավալման աշխատանքները շարունակվում են: Ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ Սուրբ աստվածամայր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ ունենք 43 ռեանիմացիոն մահճակալ եւ ավելացել են եւս 14 մահճակալով: Դրանք արդեն առավոտից զբաղեցվում են մեր քաղաքացիներով»:
Թորոսյանն ասաց, որ եվս մեկ մասնավոր՝ Արմենիա բժշկական կենտրոնն են ներգրավել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին բուժելու համար. «50 մահճակալ ծանր դեպքերի համար եւ 8 մահճակալ ծայրահեղ ծանր դեպքերի համար»: Թորոսյանի խոսքով, ընդհանուր 350 մահճակալի մասին է խոսքը, որը 15 տոկոսով ավել է քան այսօր գործողը:
«Մեր սեփական փորձը ցույց տվեց, որ մեր քաղաքացիներն ավելի շատ կարիք ունեն թթվածին շնչելու, քան՝ արհեստական շնչառության վրա լինելու: Այսինքն՝ եթե մենք կարողանում ենք կատարել թթվածնաթերապիա վաղ շրջանից մենք կանխարգելում ենք հիվանդության բարդացումն ավելի ուշ շրջաններում»,-ասաց նախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ