Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո, ճեպազրույցում, կրկին անդրադարձավ իր եւ ընտանիքի անդամների թեստի պատասխաններին, նշելով, որ դրանք բացասական են եկել: Ըստ վարչապետի, քանի որ նախորդ կիրակի են ախտորոշվել եւ պարզել, որ վարակված են կորոնավիրուսով, իսկ այս կիրակի արդեն թեստը բացասական է ցույց տվել, պետք է վերանայեն վարակվելու ժամկետների եւ պատկերացումների մասին հանգամանքները. «Մենք դրանով զբաղվում ենք: Սեփական փորձը մեզ կօգնի որոշ հետեւություններ անել եւ այն փորձը, որը հանրայնորեն օգտակար կլինի, կկիսենք նաեւ հանրության հետ»:
Վարչապետն ասաց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դինամիկա է արձանագրվում. «Այն հակահամաճարակային գործողությունները, օրինակ՝ համատարած դիմակ կրելը, իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, որովհետեւ, հիվանդության վարակի ամենակարճ շրջանը համարվում է 7 օրը: Եվ, ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է՝ ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումն, այլեւ, շատ կարեւոր է այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»:
Վարչապետը հորդորեց դիմակները կրել կարճ ժամկետով. «Դրանք չի կարելի կրել անվերջ, դիմակի կրման կանոնները նույնպես պետք է պահվի: Դրանք պետք է կրել ոչ թե չտուգանվելու համար, այլեւ՝ անվտանգության: Այսինքն՝ ոչ թե ֆորմալ կողմն է կարեւոր այլ՝ բովանդակային»:
Փաշինյանի խոսքով, ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են ունենում եւ հակահամաճարակային իրավիճակի վերաբերյալ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք համապատասխանում են Հայաստանի հանրապետության շահերին. «Անվտանգության, տնտեսության, առողջապահության շահերին եւ մեր խնդիրը ոչ միայն համաճարակային այս իրավիճակը հաղթահարելն է, այլեւ հաղթահարման պահին տնտեսության, սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ այլ պարամետրերով հնարավորինս լավագույն վիճակով տեսնելն է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև