ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2019թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց. «Մամուլը գրում է, որ վճարային տերմինալների միջոցով հոսանքի, գազի դիմաց վճարումներն առաջիկայում դադարեցվելու են: Այդպե՞ս է»:
Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ կա նման լուր. «Խնդիրն առաջացել է «Թելսել», «Իդրամ», «Մոբիդրամ» վճարահաշվարկային ընկերությունների հետ, որովհետեւ մատակարարն իր պայմանագրային հարաբերություններն է ունենում այդ վճարահաշվարկային տերմինալների հետ, պայմաններ դնում, թե ինչ տոկոսի դիմաց կարող է ծառայություն մատուցել: ՀԷՑ-ը բանկերին և տերմինալներին առաջարկել է ծառայության մատուցման տոկոսը նվազեցնել, բայց վճարահաշվարկային տերմինալներից հրաժարվել է: Հիմա բանակցությունների փուլն է, պայմանագրի խզման հարց կա: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է դիտարկի՝ խախտում կա՞, որովհետեւ այս դաշտն ազատ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ