Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Քանի դեռ Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը քաղաքական պաշտոններ չեն, քանի դեռ նրանք ծառայելու են կառույցին, իշխանությունը միշտ էլ ստիպված է լինելու փոխել նրանց»

Հունիս 08,2020 18:22

Հայաստանի հանրապետության իշխանությունները միշտ էլ ստիպված են լինելու կարճ ժամանակում ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ղեկավարների փոփոխություն անել: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանության պետի նոր նշանակումների մասին:

Իրավապաշտպանի խոսքերով. «Քանի դեռ այդ կառույցների ղեկավարները քաղաքական պաշտոններ չեն, եւ քանի դեռ այդ կառույցների մարդիկ են, որոնք պետք է ծառայեն կառույցին, այլ ոչ թե աշխատեցնեն կառույցը, իշխանությունը միշտ էլ ստիպված է լինելու փոխել նրանց»:

Հարությունյանի կարծիքով՝ ԱԱԾ տնօրենն ու Ոստիկանության պետը պետք է լինեն ոչ համակարգի մարդիկ եւ դա կօգներ, որպեսզի այդ կառույցներն աշխատեն, դա կտար բուն իմաստն այդ կառույցների:

Վերջին շրջանում հեղաշրջման մասին շատ են խոսում, բայց այս կառույցների ղեկավարների փոփոխությունն, ըստ իրավապաշտպանի, դրա հետ կապ չունի: Հարությունյանը հեղաշրջման մասին տեղեկություններ չունի. «Բայց ես գիտեմ մի բան՝ Հայաստանի հանրապետության այսօրվա իշխանությունն ունի բավականին մեծ լեգիտիմություն, դեռեւս վայելում է ժողովրդի համակրանքը, այսօրվա իշխանությանը «գցել» կամ հեղաշրջել, շատ բարդ է լինելու, եւ եթե կան նման ուժեր, որոնք իրենց առաջ նման խնդիր են դրել, ապա հաստատ չեն հաջողելու»:

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, այսօր Փաշինյանը նոր տնօրեն է նշանակել Արգիշտի Քյարամյանին, որը ԱԱԾ տնօրենի տեղակալն էր, մինչ այդ նա պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, դրանից կարճ ժամանակ առաջ էլ՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

Ոստիկանության պետ է նշանակվել Վահե Ղազարյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին նշանակել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն էլ այսօր պաշտոնանկ եղավ, նա երեկ իր առանձնատանը որդու բազմամարդ հարսանիքն էր նշում՝ երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում: Վարդան Հարությունը վստահ է՝ Դավթյանի պաշտոնանկությունը հենց այս հարսանիքի հետ է կապված: Ինքը՝ Դավթյանն այսօր հարսանիքի մասին հայտարարել է՝ որեւէ խախտում չի եղել:,

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930