Այդպես անսպասելի, այդպես արագությամբ, այդպես դաժանորեն ինչո՞ւ են մեզնից հեռանում հենց նրանք, որոնք այնքա՜ն պետք են հատկապես այսօրվա մեր նյութապաշտ աշխարհին: Նրանցից հետո երկար ժամանակ մնում է դատարկություն եւ ցավի այն խորը զգացումը, որ բնությունից ու ամենազոր Աստծուց մարդուն շնորհված գերագույն ուժով՝ հզոր բանականությամբ օժտված անհատներին հաճախ չի տրվում հնարավորություն՝ կյանքին վերադարձնելու այն, ինչ տրված էր հենց իրեն: Որոնող ու մարտնչող միտք, ստանձնած գործին բացառիկ նվիրում, պատասխանատվություն նախ սեփական խղճի, ապա այն ամենի հանդեպ, ինչ արժեւորում են մեր կյանքն ու գոյությունը: Ընտանիքի նվիրյալ կին, երեք որդիների՝ Հայկի, Տիգրանի եւ Վազգենի, բացառիկ մայր, գորովագութ քույր, ամենացանկալի բարեկամ եւ ընկեր: Այսպիսին էր մեր Գոհարը:
Ծնվել է 1971 թվականի օգոստոսի, 13-ին: 1988 թվականին ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Ուսումնառության ողջ ընթացքում ուսուցանված բոլոր առարկաներից ստանալով միայն գերազանց գնահատականներ: Ինստիտուտն ավարտում է առաջին կարգի դիպլոմով՝ ստանալով գինեկոլոգի որակավորում: Նույն հաջողությամբ ավարտեց նաեւ ինստիտուտի կլինիկական օրդինատուրան 1999 թվականին։ Օրդինատուրային զուգահեռ՝ Գոհարը սովորում է նաեւ Երեւանի Ամերիկյան համալսարանի բուժական գործի կազմակերպում ֆակուլտետում: Ամերիկյան համալսարանը եւս ավարտում է փայլուն ցուցանիշներով:
Գոհար Փանաջյանն աշխատել է միջազգային եւ հայրենական տարբեր կազմակերպություններում՝ ամենուր դրսեւորելով ստանձնած գործին անկաշառ նվիրում ու անզիջում սկզբունքայնություն:
1999 թվականից Գոհարը սկսում է իր աշխատանքային գործունեությունը միջազգային կազմակերպություններում, սկսելով UNICEF-ի հայկական գրասենյակում, այնուհետ աշխատելով Ամերիկյան USAID գործակալության NOVA/NOVA 2 ծրագրում որպես ավագ փորձագետ։ 2013 թվականից ի վեր, Գոհարը անձնուրաց ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, որպես ՀՀ Առողջապահական Տեսչական Մարմնի պետի տեղակալ, իսկ 2018 թվականից ՀՀ Առողջապահության Նախարարի խորհրդական: 2020 թվականի hունվարից Գոհարը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ։
Կարդացեք նաև
Գործունեության տարիներին արդեն, որտեղ էլ նա աշխատել է, դրսեւորվել են նրա մասնագիտական խոր գիտելիքներն ու վերլուծող միտքը:
Մարդկանց ծնունդի եւ մահվան միջեւ ընկած շրջանները տարբեր են: Կարեւորը ապրած կյանքի յուրաքանչյուր պահը յուրովի իմաստավորելն է: Իր ապրած ոչ երկարատեւ կյանքում Գոհար Փանաջյանը քայլեց սեփական ուղիներով՝ երբեք չդավաճանելով ինքն իրեն եւ երբեք չշեղվելով այդ ուղիներից:
Ժամանակը, ափսո՜ս, դեռ շատ էր անկատար: Անկատար թողնվեցին շատ երազանքներ… Բայց կգա ժամանակը եւ բոլոր նրանք, որոնք դառնացրին նրան եւ կարճեցին, այո՛, կարճեցին նրա երկրային ճանապարհները ու տոն տվին ստոր հաճոյակատարությանը, կեղծիքին եւ եսականությանը, դեռ պատասխան են տալու ամենազոր Աստծուն ու վաղվա ոչ ամբոխային հասարակությանը:
Գոհարի մաքուր հոգին դեռ երկա՜ր է ուղեկցելու մեզ՝ առաջնորդելով դեպի բարին, ճշմարիտն ու հավերժականը:
Խորը սիրով, կարոտով ու կսկիծով՝
Հայկ, Տիգրան, Վազգեն եւ Վարուժան Մարդանյաններ (որդիներ եւ ամուսին), Սոնա Փանաջյան (քույրը)