Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցն այսօր պարետի որոշմամբ՝ 24 ժամով դադարեցրեց Գյումրու Անի թաղամասում գտնվող խոշոր սուպերմարկետներից մեկի՝ «Բասեն»-ի մասնաճյուղի, ու հարակից սննդի խանութներից մեկի՝ «Մարս»-ի աշխատանքը։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը սուպերմարկետի անակնկալի եկած մենեջերին տեղեկացրեց, որ իրենք մշտադիտարկման արդյունքում պարզել են՝ աշխատակիցներն անհատական ջերմաչափ չեն ունեցել, չի եղել նաև հեռավար ջերմաչափ, գրանցամատյանում էլ այս մասին նշում չի եղել։
Նույն խնդիրն առկա էր նաև «Մարս» խանութում։
Կարդացեք նաև
«Բասեն» սուպերմարկետի մենեջերը հարցրեց․ «Եթե խախտումներ են լինում ու արագի մեջ հարցերը լուծում ենք, վերացնում ենք, դա փաստորեն նշանակություն չունի՞»։
Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դա պարետատունն է որոշում, իսկ պարետի որոշումը միանշանակ ենթակա է կատարման»։
Մենեջերը պարզաբանեց, որ հեռավար ջերմաչափ ունեցել են, աշխատակիցների անհատական ջերմաչափ չեն ունեցել, բայց հարցն արագ լուծել են։
«Եթե այս ամենը կարելի էր արագ կազմակերպել, իմաստ կա՞ր կասեցնելու»,-շարունակեց մենեջերը։ Այդուհանդերձ, նա հայտարարեց, որ պարետի որոշումը պարտավոր են կատարել։
Մեր հարցին՝ ինչքա՞ն եք տուժում 24 ժամ չաշխատելով, մենեջերը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, հարցը տուժել-չտուժելը չէ, հարցը վերաբերմունքն է, որ կարելի էր ուրիշ ձևի շարունակել»։
«Մարս» խանութի տնօրենն էլ ասաց, որ թերություններն արդեն վերացրել են, բայց եթե կա պարետի որոշումը, թող 24 ժամով փակեն։
Լրագրողները Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե հարսանյաց սրահներում ի՞նչ խնդիրներ են արձանագրել։
Վերջինս նշեց, որ ընդամենը մեկ հարսանյաց սրահում են խախտում արձանագրել, դա «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրն է, որտեղ երեկ երեկոյան հարսանիք է եղել։ Թե քանի հոգանոց հարսանիք է եղել, Արտուշ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել, բայց արձանագրություն են կազմել ու ուղարկել պարետատուն։
«Հարսանիք չի կարելի, 20 քառակուսու վրա հինգ հոգուց ավել չի կարելի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ «Կանաչ կիրճ»-ի աշխատանքը կասեցնում են արդեն երկրորդ անգամ։
Նշենք, որ ձորամիջյան այս ռեստորանը Գյումրիից ոչ հեռու գտնվող Մայիսյան գյուղի մոտակայքում է։ Այն պատկանում է ՀՀԿ-ական, «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանին, որին պաշտոնազրկեց Շիրակի նախկին մարզպետ, այժմյան ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Կանաչ կիրճ»-ի լուսանկարը ռեստորանի ՖԲ էջից