2019թ.-ին կառավարությունը հաստատել է ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը, որն իրականացվելու է 2020-24թթ.: Սա ենթադրում է ՀՀ-ում ռադիոեթերի 24-ժամյա վերահսկողություն, որպեսզի պաշտպանվեն տեղական ռադիոեթերի հաճախությունները: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ.-ի կառավարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա տեղեկացրեց, որ 2019թ.-ին Ժնեւում մի քանի հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռադիոեթերի սահմանային հաճախությունների հարցով. «Սահմանի հատվածում հաճախությունների խանգարումներ են տեղի ունենում իրար միջեւ: ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ մինչեւ այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, եւ որը՝ մենք»:
Նախարարը հավելեց. «Հեռահաղորդակցության համաշխարհային միության՝ ՀՀ կատարած այցի շրջանակում պայմանավորվել էինք, որ Ադրբեջանի հետ հանդիպումներ տեղի ունենան, եւ դրանք արդյունք տվել են: Մոտ 134 հաճախությունների ուղղությամբ կան պայմանավորվածություններ, եւ այդ հաճախություններն այժմ ազատորեն օգտագործվում են մեր կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ