ՀՔԱՎ-ը հաճախ է դիմումներ ստանում երեխային խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում սահմանափակումներով ներառելու հարցով։
Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև երեխայի երկու տարին լրանալը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում՝ մինչև 18 տարին լրանալը ծնողը իրականացնում է խնամք։ Նույնն է նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի խնամակալի դեպքում՝ հաշմանդամության ողջ ժամանակահատվածում։ Սակայն կենսաթոշակի տարիքը լրանալիս այդ ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է ժամկետային սահմանափակումով և միայն այն պայմանով, երբ անձն ունի անհրաժեշտ աշխատանքային ստաժ։
Դրան հակառակ՝ պետությունը դեռևս չի ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտային այդ անձանց խնամքը կազմակերպելու հատուկ կառույցների ներգրավմամբ։ Եվ այս դեպքում խնամողները հայտնվում են անհավասար պայմաններում, չեն կարողանում իրացնել իրենց սոցիալական ապահովության իրավունքը՝ զուտ նրա համար, որ փաստացի հնարավորություն չեն ունեցել աշխատելու։
Նշենք, որ անհավասար պայմաններ են ստեղծված նաև խնամատար ընտանիքների հետ համեմատությամբ։ Խնամատար ընտանիքների համար պետությունն ստեղծել է անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ․ նրանց հետ կնքվում են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ հաշվարկվում է ստաժը։
Կարդացեք նաև
ՀՔԱՎ-ն առաջարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ այս խնդիրը լուծելու համար։ Առաջարկել է նաև օրենքում օգտագործված խտրական «հաշմանդամ» եզրույթը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։
Առաջարկներն ամբողջությամբ և ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ