Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է սրում փախստականների խոցելի վիճակն ամբողջ աշխարհում: Հայաստանում գտնվող բազմաթիվ սիրիահայ փախստականներ ԿՈՎԻԴ-19-ի հետևանքով հայտնվել են դժվար սոցիալական կացության մեջ: Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջոցով, հրատապ սոցիալական օգնություն է տրամադրում սիրիահայերին՝ հոգալու նրանց կենսական կարիքները համավարակի պայմաններում:
Հիմնադրամի օժանդակությամբ, «Հալեպ» կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար կհատկացնի 120 սիրիահայ փախստական ընտանիքի: Ավելին, կազմակերպությունը կօժանդակի սիրիահայերի կողմից գործարկվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին, որը սնունդ կառաքի COVID-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների ու կամավորների համար: