Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե կորոնավիրուսի հետեւանքով ո՞ր ոլորտներն են մեծապես անկում ապրել՝ պատասխանեց, որ կորոնավիրուսի ազդեցությունն առաջինը կրեց զբոսաշրջության ծառայությունների ոլորտը եւ հենց սկզբի օրերից՝ հյուրանոցային գործունեությունը:
Նախարարն ասաց, որ այն երկրները, որոնք կախված են ներմուծման եւ արտահանման շուկաներից, մեծ վնասներ են կրում, իսկ Հայաստանի տնտեսությունը հենց այդպիսին է. «Այն լոգիստիկ շղթաները, որոնք կապված են թե՛ ներմուծման, թե՛ արտահանող շուկաների հետ, էապես վնասված են: Մենք չենք կարող վերջնական գնահատականներ հնչեցնել հիմա, թե որոնք են վերջնական ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա, որովհետեւ այդ գործընթացները ավարտին չեն հասցրել նաեւ մեր գործընկեր երկրների շուկաներում»:
Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ռազմավարություն են մշակելու՝ նոր իրավիճակում մրցունակ տնտեսություն ու մրցունակ առաջարկներ ձեւավորելու համար: Հարցրեցինք՝ չե՞ք հապաղում, որովհետեւ վարչապետն ասաց, որ շատ հնարավոր է՝ կորոնավիրուսը նոր հնարավորություն ստեղծի մեզ համար, որովհետեւ բաց շինհրապարակ է, նորից պետք է տնտեսությունը կառուցենք, հիմա այս առումով մենք չե՞նք հապաղում, ձեզնից պետք է ազդակներ հնչեն նոր շուկաների, նոր արտադրությունների հետ կապված, որովհետեւ դիմակ, ալկոգել, թեստերի արտադրությունը ժամանակավոր է, բա հետո՞՝ նախարարը պատասխանեց. «Մեր ազդակները արդեն իսկ առաջարկված են որոշ չափով մասնավոր հատվածին: Առաջին հերթին մենք ունենալու ենք տնտեսական ակտիվության ռիսկերի հետ կապված ուշադրություն: Մենք հասկանում ենք, որ երբ աշխարհում փոփոխությունները ավարտված չեն, ցանկացած մասնավոր ներդրող բնականաբար զգուշանում է: Նման բոլոր դեպքերում մենք ասել ենք, որ կառավարությունը պատրաստ է կիսել ձեզ հետ ռիսկերը: Կառավարությունը հաստատեց երկարաժամկետ զարգացման կամ վերականգնողական փուլի առաջին ծրագիրը, որով ասվեց, որ այն դեպքում, եթե մասնավոր ներդրողն իր ծրագրին հավատալով պատրաստ է մեկ միավոր սեփական միջոցներ ներդնել, ապա կառավարությունը պատրաստ է մեկ միավոր էլ կառավարության միջոցներից հատկացնել՝ այդ ծրագրի իրականացման համար՝ պայմանով, որ եւս երկու միավոր նույն ծրագրի նկատմամբ հավատ ունենալով՝ կֆինանսավորեն մասնավոր բանկերը, այսինքն, «1+1+2»-ը պետություն-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափն է»: Ընդ որում, այս առաջարկը չունի ոլորտային սահմանափակում, որ ոլորտում էլ կազմակերպությունը հավատա իր հնարավորություններն, ռիսկը կկիսվի կառավարության հետ:
Նախարարը նաեւ ասաց, որ աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020-գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ