Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիսավարները սպասում են պարետի պատասխանին. երեք ամիս է՝ անգործ նստած են

Հունիս 08,2020 16:26

«Սննդի օբյեկտներում մարդիկ առանց դիմակի, միմյանց շատ մոտ նստած են, սակայն, չգիտես ինչու, չեն թողնում, որպեսզի հանդիսությունների սրահներում միջոցառումներ անցկացվեն»,- այսպիսի դժգոհություն ներկայացրեց հանդիսավար Եփրեմ Մարգարյանը: Հանդիսավարներն այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում կառավարությունից պահանջեցին հավասար պայմաններ սահմանել բոլորի համար եւ այնպիսի պահանջներ դնել, որ իրենք էլ աշխատանք ունենան:

Եփրեմ Մարգարյանի խոսքով, կառավարության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ պարետի եւ վարչապետի օգնականներ Վարագ Սիսեռյանին եւ Նաիրի Սարգսյանին, առաջարկներ են ներկայացրել: Նրանք խոստացել էին պատասխանել, սակայն հանդիպումից երկար ժամանակ է անցել, բայց որեւէ արձագանք չի եղել. «Հանդիսության սրահներն այսօր փակ են, եթե փակվում ենք՝ բոլորս պիտի փակվենք, եթե աշխատում ենք, ուրեմն պիտի աշխատենք բոլորս: Մենք պատրաստ էինք որոշակի զիջումների գնալ, պատրաստ էինք պարետի կողմից ընդունել այն օրենքները, որը որ չի վնասելու նաեւ մեզ, բայց պատասխան չենք ստանում, որ հասկանանք հետագա մեր անելիքը: Մեզ համար անհասկանալի է, եթե շատ տեղեր բաց են, աշխատում են, հանրային սննդի օբյեկտներում ընդունում են հաճախորդներ, եթե պարետը թույլատրում է նստել առանց դիմակի, ինչո՞ւ հանդիսության սրահներն այսօր փակ են»:

Հանդիսավարների խոսքով, հազարավոր տնտեսվարողներ այս ոլորտում կատարել են ներդրումներ, սակայն այսօր կանգնած են մեծ խնդիրների առաջ. «Մարդիկ կան, վարձակալությամբ են տալիս այդ սրահները, մարդիկ կան՝ վարկեր են փակում: Եվ, ի վերջո, հանդիսության սրահի փակ լինելու պատճառով հավելյալ ծախսեր, միեւնույն է, առաջանում են: Այնտեղ կան գրանցված աշխատողներ, որոնց գործատուն պիտի վճարի աշխատավարձ, հոսանքի, պահպանման ծախսեր կան, այգեպանին են վճարում եւ այլն, իսկ չաշխատելու դեպքում ոլորտը կաթվածահար է լինում»:

Հանդիսավարներից մեկն էլ նեղսրտեց, որ երբ հավաքվել են կառավարության առաջ իրենց խնդիրները ներկայացնելու, սոցցանցերում կեղծ օգտատերերը նրանց անվանել են «պիցցայակերներ»:

«Հարազատներ ջան, հայեր ջան, մենք քրիստոնյա ազգ ենք, եկեք մեկս մյուսին չվիրավորենք, միշտ ջիգյարով լինենք: Իսկ մենք ընդամենը գնացել էինք կառավարության շենքի մոտ, որ մեր հարցն ի վերջո լուծում ստանա: Ասում ենք միջոցառումներ, բայց դրա հետեւում մի մեծ շղթա է թաքնված՝ հանդիսավարներ, երգիչներ, օպերատորներ, դիզայներներ, վարսահարդարներ, գյուղմթերք արտադրողներ եւ իրացնողներ: Այսօր, երբ այդ միջոցառումները տեղի չեն ունենում, շատ մարդիկ տուժում են»:

Նրանց խոսքով, պայմաններ են մշակել եւ ներկայացրել պարետատանը. «Մենք խնդրեցինք, որ միջոցառումներն իրականացնեք պայմանով, որ ռեստորանում կարող են լինել ոստիկանության աշխատակիցներ, բուժաշխատողներ, որոնք, մինչեւ ռեստորան մտնելը, յուրաքանչյուր անձի ջերմաչափում կանեն եւ կհետեւեն, որ կատարվի պարետի որոշումը: Ռեստորանատերերը նույնիսկ համաձայնեցին պարետի մի որոշման հետ, որ ցանկացած ռեստորանում լինի ախտահանման սենյակ, որպեսզի ախտահանումը պատշաճ կերպով կատարվի»:

Եփրեմ Մարգարյանի խոսքով, հիմա պարետը թույլ է տալիս մեկ սեղանի շուրջ նստեն հինգ անձ. «Բայց երեք հարյուր հոգանոց սրահը պիտի առնվազն 150-200 հոգու համար աշխատի, որպեսզի հանդիսության սրահը կարողանա հանել իր ծախսերը եւ ստանա որոշակի շահույթ, բայց այդ նշված թվով բնականաբար ոչ մի ռեստորանատեր չի գնա այդ քայլին, քանի որ անգամ այդ ծախսը չի հանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930