Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 8-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և հանդիպել միության նախագահ, Արցախի հերոս, ՊԲ գեներալ մայոր Սամվել Կարապետյանին ու միության աշխատակազմի ներկայացուցիչներին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել միության դերը Արցախյան ազատագրական պայքարում ավանդ ունեցող ազատամարտիկների համախմբման, նրանց գործունեության համակարգման և աջակցության գործում: Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ ազատամարտիկները կլինեն երկրի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: «Մենք հպարտ ենք, որ մեր շարքերում ունեցել ենք այնպիսի ազատամարտիկներ, ովքեր իրենց արյամբ են գծել երկրի սահմանը: Հավերժ փա՜ռք նրանց հիշատակին»,-նշել է ԱԺ նախագահը:
Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, շնորհավորելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորական ողջ կազմին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների միության 2020թ-ի գործունեության ծրագիրը: Քնարկվել են ազատամարտիկների սոցիալական խնդիրներին և պետական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջնային հիմնախնդիրների շուրջ ծավալել ուսումնասիրություն և հնարավորինս սեղմ ժամկետներում առաջարկել լուծումներ: Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական դաշտում փոփոխությունների անհրաժեշտությանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին