Aravot.am-ի հետ զրույցում «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը, որ պատահաբար էր տեղեկացել Արցախում՝ «Շողակաթի» չհեռարձակվելու մասին, նշեց. «Մենք հանրային հեռարձակման գոտի ունենք, այսինք կապը հասնում է մինչեւ Սյունիք, եւ Արցախն այնտեղից է վերցնում՝ ըստ իր հայեցողության: Հիմա, քանի որ ընդհատվել է, եւ աղմուկ էր բարձրացել, որ մի քանի հեռուստաընկերություններ չեն հեռարձակվում Արցախում, փորձեցի պարզել պատճառը: Ինձ բացատրեցին, որ դա զուտ տեխնիկական խնդիր է, եւ շուտով կվերականգնվի»:
Մանյա Ղազարյանը նաեւ հավելեց. «Ճիշտն ասած, ես հակված եմ մտածել, որ խնդիրը տեխնիկական է, որովհետեւ «Շողակաթը» հանրային, հոգեւոր-մշակութային ալիք է, որեւէ քաղաքական ուղղվածություն չունի: Այնպես որ, չեմ կարծում, թե այդտեղ որեւէ միտում կա: Սպասենք, երեւի տեխնիկական հարցերը առաջիկայում կլուծվեն, ու նորից կվերահեռարձակվենք»:
Հարցրինք՝ որեւէ ժամկետ մատնանշե՞լ են: «Ինձ ասացին, որ կփորձեն մեկ շաբաթում վերականգնել»,-ասաց Մանյա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Արցախում «Շողակաթից» բացի՝ ընդհատվել էր նաեւ «5-րդ ալիքի» եւ ATV-ի հեռարձակումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ