Թափառող շների թեման շարունակ բարձրաձայնվում է, իսկ պատասխանատու մարմիններն էլ ցույց են տալիս, թե իբր գործ են անում։ Մինչդեռ սայլը տեղից չի շարժվում։ Անգործունյա պատասխանատուների պատճառով մշտապես տուժում են երեխաներն ու տարեցները, մարդիկ, որ լիարժեք չեն կարող իրենք իրենց պաշտպանել։
Երևանի Զեյթուն թաղամասի Գոգոլի 5ա հասցեում է բնակվում Անահիտ Մուրադյանը։ Նրա տարիների բազմաթիվ բողոքներին իբր անցած տարի արձագանքեց քաղաքապետարանը (առկա են բոլոր դիմումներն ու պատասխանները)։ Եկան, շներին հավաքեցին, տարան ինչ արեցին-չարեցին, ականջներին օղեր ամրացրեցին ու նորից հետ բերեցին՝ բրախեցին Գոգոլի 5ա հասցեում, կարծես շներն այստեղ մշտական գրանցում ունեին։ Դե, հիշյալ հասցեի անդուռ ներքնահարկում էլ դրանք բազմանում ու բարգավաճում են։ Շների հոտից ստիպված շունչդ պահած ես բարձրանում՝ գարշահոտությունը հնարավորինս քիչ շնչելու համար: Տանել-բերելն էլ ոչ մի դրական փոփոխություն չառաջացրեց շների վարքում։ Հակառակը, սրանք դարձան ավելի ագրեսիվ ու նախահարձակ, հիմա արդեն 1-2-ով չեն շրջում, այլ ոհմակով։
Օրեր առաջ, շների ոհմակը՝ մի 7-8 շուն, օրը ցերեկով, դեռ մուտքին չհասած, փողոցում հարձակվեցին տիկին Անահիտի վրա։ Ու մինչ մարդիկ վրա կհասնեին շներին հեռացնելու, տիկին Անահիտը սարսափից շաքար ստացավ։ Ու դժվար է ասել, թե այսպես օրը քանի-քանիսն են տուժում, իսկ տուժում են հատկապես դպրոցահասակ երեխաները, որոնք առայժմ համավարակի պատճառով դպրոց չեն հաճախում, սակայն փողոց դուրս են գալիս։ Տիկին Անահիտը, ով ոչ մի հիվանդություն չուներ և երբեք բժշկի չէր դիմել, օր օրի մեր աչքի առջև նիհարում էր։ Երբ կորցրեց իր քաշի 10%-ը, ես փորձեցի չափել տիկին Անահիտի շաքարն արյան մեջ։ Իմ սարքը չկարողացավ ֆիքսել, չնայած փորձեցի 3 անգամ դա կրկնել։ Նրա մատից բաց գույնի, թույլ վարդանման հեղուկ էր դուրս գալիս և ոչ թե արյուն… Սարքի վրա գրվում էր նույն H1 թիվը։ Հետո պարզեցի, որ դա անսահման բարձրի դեպքում է լինում, երբ շաքարը 33-ից բարձր է։ Անահիտը դիմել է բնակավայրի Քանաքեռ-Զեյթունի 8-րդ պոլիկլինկա։ Ներզատաբան (էնդոկրինոլոգ) բժշկուհին լաբորատոր մի շարք անալիզներից հետո ուղեգրել է ստացիոնար բուժման՝ 8-րդ հիվանդանոցի համապատասխան բաժանմունք, որպեսզի հնարավորինս կարողանան իջեցնել շաքարի ցուցանիշն արյան մեջ։ Պոլիկլինիկայի լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել 25 նիշ։ Հրապարակելուս նպատակն է՝ շարունակ ինքնապարգեւատրվող քաղաքապետարանին հիշեցնել, որ իրենց անգործության պատճառով մեր քաղաքացիների առողջությանն անդառնալի վնաս պատճառելու դեպքում, գոնե մտածեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու՝ բուժման ծախսերը հոգալու մասին։ Հաշմանդամության կարգ չունեցող 67-ամյա տիկին Անահիտը թոշակառու է, իսկ միակ երաժիշտ զավակը՝ գործազուրկ… ինչպե՞ս պետք է այս ընտանիքը հոգա հիվանդանոցի 8 օրվա ծախսերը համավարակի պարագայում։ Պրն քաղաքապե՛տ, դիմում եմ Ձեր օգնությանը՝ աջակցեք ընտանիքին: Գրել եմ տուժողի ե՛ւ բնակության հասցեն, ե՛ւ հիվանդանոցը, կարող եք ստուգել փաստերը։ Հակառակ պարագայում նրանք ստիպված կդիմեն դատարան։
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.06.2020