Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ համաճարակի կասեցումը պետք է լինի միակ հրամայականը, հրաժարականի պահանջը խիստ անպատեհ է ու անընդունելի. ՍԴՀԿ

Հունիս 08,2020 15:29
sdhk

ՊԱՀՆ Է ՀԱՄԱԽՄԲՄԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՏՐՈՀՄԱՆ

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության վտանգավոր աճի կապակցությամբ, ինչն արդեն առողջապահական խնդրից սպառնում է վերածվել ազգային անվտանգության հարցի:

Անշուշտ, ինչպես ամբողջ աշխարհում՝ Հայաստանում ևս այս աննախադեպ համաճարակը առաջացրել է հանրային ու տնտեսական ծանր ճգնաժամ: Հազարավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, սպառել իրենց վերջին նյութական միջոցներն ու հայտնվել աղքատության ու նույնիսկ սովահարության շեմին:

Մյուս կողմից, բազմաթիվ անպատասխանատու քաղաքացիներ, չպահպանելով համաճարակի կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները, վարակում և վարակվում են՝ առավելագույնս ծանրաբեռնելով արդեն իսկ ծայր աստիճան գերբեռնված առողջապահական համակարգը:

Ի տես այս բոլորի, երբ այս անտեսանելի թշնամու դեմ պայքարը պահանջում է  միասնական ուժերի գերլարում, քաղաքացիական բարձր գիտակցություն ու կարգապահություն, այսօր մենք ականատես ենք լինում քաղաքական պատեհապաշտության գերագույն դրսևորման, երբ ընդդիմադիր կուսակցությունները՝ ներկա իշխանություններին օգնության ձեռք մեկնելու փոխարեն, միանում են նախկին վարկաբեկված իշխանության ներկայացուցիչներին ու կառավարության հրաժարականն են պահանջում: Այսօր, երբ համաճարակի կասեցումը պետք է լինի միակ հրամայականը, նման պահանջը խիստ անպատեհ է ու անընդունելի: Իհարկե, սա չի նշանակում, որ կառավարության կողմից  համաճարակի դեմ պայքարի գծով առնված քայլերն ու որոշումները անթերի են: Վերջիվերջո, այդ պայքարի  արդյունավետության ու համարժեքության գլխավոր պատասխանատուն ներկա կառավարությունն է և պիտի հաշվետու լինի քաղաքացու առաջ, բայց միանշանակ ոչ այս պահին:

Ուստի, ելնելով վերոնշյալից, ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը կոչ է անում մեր հայրենակիցներին խստիվ պահպանել կանխարգելման բոլոր կանոնները, իսկ կուսակցություններին՝ մի կողմ թողնել ամեն տեսակի տարակարծություն ու դժգոհություն, համախմբվել իշխանության շուրջ և միասնական ջանքերով հաղթահարել այս լրջագույն մարտահրավերը:

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930