Երբ ես որոշեցի իմ դիտարկումները գրել «Մարդը բարձր ամրոցում» գրքի մասին, պարզվեց, որ ամենադժվարը այլընտրանքային պատմության ժանրը նկարագրելն է: Եթե գործին մակերեսայնորեն մոտենանք՝ կարելի է այդ ժանրը նկարագրել այսպես՝ «Ի՞նչ կլիներ, եթե…»: Ի՞նչ կլիներ, եթե Ալեքսանդր Մակեդոնացին չմեռներ 33 տարեկանում եւ շարունակեր իր նվաճումները: Ի՞նչ կլիներ, եթե չքանդվեր Խորհրդային Միությունը: Ի՞նչ կլիներ, եթե Համաշխարհային 2-րդ պատերազմում հաղթեին նացիստական առանցքի երկրները:
Նման հարցեր է ինքն իրեն տալիս ցանկացած մարդ, ով ինչ-որ չափով հետաքրքրված է պատմությամբ: Այստեղ պետք է առանձնակի նշել, որ, ինչպես հայտնի ասույթում է ասվում, «պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում»: Անհնար է լրջությամբ քննարկել, թե ինչ կլիներ, եթե… Երեւի հենց այդ պատճառով էլ այլընտրանքային պատմության ժանրը համարվում է անլուրջ, ինչպես եւ լրտեսական վեպերի ժանրը, որի մասին գրել եմ իմ նախորդ սյունակներից մեկում: Համաձայնեք, շատ հաճելի է պատկերացնել Հայաստանը՝ ծովից ծով սահմաններով, եթե չլիներ նրա խորհրդայնացումը: Բայց պետք է հստակ հասկանալ` որպեսզի նման բան հորինես, պետք են խորը գիտելիքներ, եւ ոչ միայն պատմությունից:
Այդ իսկ պատճառով, այս ժանրի վարպետները ստիպված են հավասարակշռել մարդկային եւ քաղաքական կողմերը, բաց չթողնել հնարավոր մշակութային առանձնահատկությունները եւ ավելացնել «համով» բաղադրիչները: «Մարդը բարձր ամրոցում» վեպի դեպքում այդ «համը» տալիս է քաղաքական դետեկտիվի գայթակղիչ սյուժեն:
Մշակութային բաղադրիչների այդ համադրությունը, հերոսների վարպետորեն մշակված կերպարները, պատմությանը եւ Երրորդ ռեյխի, Կայսերական Ճապոնիայի եւ 40-ականների ԱՄՆ-ի ներքին կառուցվածքի նրբությունների հանդեպ նախանձելի ուշադրությունը Ֆիլիպ Կ. Դիկի վեպը դարձրել են հանրաճանաչ: Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ «Մարդը բարձր ամրոցում»-ի համար Դիկը 1963-ին (60-ականներին, որոնք իրավացիորեն համարվում են ամերիկյան ֆանտաստիկայի համար «ոսկե դար», հեղինակը մրցակցում էր նրանց հետ, ում այսօր մենք համարում ենք դասականներ) Հյուգոյի մրցանակ ստացավ, որը ամերիկյան ֆանտաստիկ գրականության ամենահեղինակավոր մրցանակն է: «Մարդը բարձր ամրոցում»-ը դարձավ չհնացող ստեղծագործություն, եւ դրա վկայությունն է այն, որ գրքի հրապարակումից 50 տարի անց Ամազոն Փրայմը լույս ընծայեց համանուն սերիալը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 17 տարի անց գրված վեպը կրում է իր ժամանակների բոլոր առանձնահատկությունները եւ ակտիվորեն արձագանքում է այն ամենին, ինչ անհանգստացնում էր ամերիկյան հասարակությանը 1960-ականներին: Պարտիզանական շարժում՝ ԱՄՆ արեւմուտքը զավթված է Ճապոնիայի, իսկ արեւելքը՝ Գերմանիայի կողմից: Ճապոնական մշակույթով եւ կենսակերպով համատարած հրապուրվածություն է տիրում Արեւմտյան ափին. գլխավոր հերոսուհին ձյուդոյի մարզիչ է (սերիալում՝ այկիդոյի), հիմնական գործող անձանցից մեկը՝ Սան Ֆրանցիսկոն օկուպացրած ճապոնացիներին վաճառում է ամերիկյան հնություններ, գլխավոր հերոսը՝ իր անցյալը քողարկող ճապոնա-ամերիկյան պատերազմի վետերան է:
Ֆիլիպ Դիկը գրել է վեպ՝ 17 տարվա ընթացքում Ասիայի տարածքում 3 անգամ պատերազմած հասարակության համար, որը շատ լավ հիշում է Համաշխարհային երկրորդ պատերազմը (17 տարին շատ կարճ ժամանակահատված է, հիշեք, թե ինչ թարմ էին արցախյան պատերազմի մասին մեր հիշողությունները 2001-ին), հենց նոր էր վերապրել Կորեական պատերազմը եւ դանդաղորեն մխրճվում էր Վիետնամական պատերազմի մեջ:
Դժվար է ասել, թե որքանով է Դիկը կանխատեսել ապագան ճապոնական ռեստորանների, Կուրոսավայի եւ Բրյուս Լիի ֆիլմերի հանրաճանաչության, ճապոնական մեքենաների եւ էլեկտրոնային սարքավորումների համատարած սփռման առումով: Բայց նա շատ հստակ որսացել է տիրող տրամադրությունները, ստեղծելով ոչ միանշանակ կերպարներ, մանրամասնորեն եւ սիրով հերոսներին օժտելով զգացմունքներով եւ կենսականությամբ: Գործող անձինք արհեստածին չեն, նրանց արարքները բացատրելի են, ինտրիգները՝ ոչ պարզունակ: Ինչպես միշտ, ցանկալի է կարդալ, եթե հնարավորությունները ներում են, բնագրով՝ անգլերեն, թեեւ ռուսերեն թարգմանությունը բավականին հաջող է:
Սերիալը բավականին որակյալ է նկարահանված: Առաջին սեզոնում սյուժեն վեպին համահունչ է, երկրորդ սեզոնի կեսերից դառնում է, ըստ էության, սիկվել, որը Դիկը ժամանակին պլանավորել էր գրել, սակայն այդպես էլ չգրեց: Հաշվի առնելով այն, որ Դիկի դուստրը սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկն է, կարելի է ասել, որ նրա ժառանգությանը զգուշորեն են վերաբերվում:
Ս. Յ.
Հղումներ՝
Philip K. Dick, The man in the High Castle, Mariner Books; Reissue edition (January 24, 2012)
Филип Киндред Дик, Человек в Высоком Замке, ЭКСМО, 2018
The man in the High Castle/Человек в Высоком Замке, 2015, Amazon Prime