«Լուսավոր Հայաստանը» Վանաձորում նիստ է անցկացրել ու քննարկել հետագա անելիքները: Այսօր ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցին, թե ի՞նչ են քննարկել ու ինչո՞ւ Վանաձորում՝ պատասխանեց, որ սոցիալական հեռավորությունն ու պայմանները կարողացել են պահպանել այնտեղ պատշաճ մակարդակով, իսկ քննարկել են քաղաքական օրակարգերը, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի մասին. «Ճանապարհային քարտեզն ենք քննարկել, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, ովքեր ձախողել են համավարակի դեմ պայքարը, որի պատճառով մարդկային կյանքեր ենք կորցրել»:
Մանե Թանդիլյանն ասաց, որ ամեն ինչ հանրության աչքի առաջ է եղել, մարդիկ գիտեն, որ առաջին դեպքը եղել է մարտի 1-ին, մարտի 13-ին նոր միայն արտակարգ դրություն իրականացվեց ու այդ ժամանակահատվածում շարունակում էին հանրաքվեի քարոզարշավ իրականացնել: Փետրվարի վերջին, երբ աշխարհը մտահոգված էր համավարակով, ԱՀԿ-ն արդեն համավարակ էր հայտարարվում, Հայաստանում ձեռք էին առնում. «Այստեղ է, որ ես իմ զայրույթն ունեմ կառավարության գործողությունների հանդեպ, որ անլրջություն սերմանվեց ու հիմա չենք կարողանում այդ քաղաքացիներին համոզել ու բացատրել, որ սա լրջագույն խնդիր է՝ կրեն դիմակները, ախտահանիչ միջոցներ օգտագործեն, սոցիալական հեռավորություն պահեն ու դադարեն այդ հարցը տալ՝ արդյոք դա օգնո՞ւմ է: Լավ, չի օգնում, նվազեցնում է: Կլինի՞այդ հարցի մասին, սիրելի՛ հայրենակիցներ, մտածեք դիմակները կրելով, այսօր այդ լուծումն է, որ տրված է: Մինչեւ կպարզեն, թե կորոնավիրուսն ում շունն է, եկավ հասավ բոլորիս դռները: Խնդրում եմ մեր հայրենակիցներին ավելի լուրջ վերաբերվել խնդրին, քան մեր կառավարությունն է վերաբերվում: Անհանգստությունը տեղին է, պետք է պատշաճ արձագանքել»:
Թանդիլյանը հիշեցրեց, որ երբ Իրանի չվերթների մասին էին ասում, կառավարության անդամները պատասխանում էին, թե մեր եղբայրական Իրանի հետ բանակցե՞նք նման հարցով. «Իհարկե, պետք է բանակցեք, պետք է եղբայրական Իրանին բացատրել, թե ինչու մենք ավելի շուտ պետք է փակենք սահմանը: Այսօր այդ հապաղելու, դանդաղկոտության եւ անգործության հետեւանքը շատ տեսանելի դարձավ: Ցավոք, արժեցավ կյանքեր»:
Հարցին՝ ուսուցչին աշխատանքից ազատում են մի լուսանկարի պատճառով, բայց գլխավոր շտաբի պետը հարսանիք է անցկացնում, ի՞նչ կասեք այս մասին՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Եթե շտաբի պետը չի պահպանում, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները ավելի լուրջ գտնվեն, քան այսօրվա կառավարությունն է, ավելի գիտակից, ավելի ողջամիտ ու բանիմաց: Միջին տրամաբանությունը հուշում է, որ եթե ասիմպտոմ է հիմնականում, ոչ ոք չգիտի դիմացինի վարակվածության, անգամ իր վարակվածության մասին»:
Կարդացեք նաև
Ըստ Թանդիլյանի, եթե կառավարությունը բացի ֆեյսբուքյան ստատուս գրելուց այլ բանով զբաղվեր, գործ աներ, հիմա այլ պատկեր կունենայինք:
Լրագրողները փոխանցեցին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է, որ դուք եք դեմ եղել արտակարգ դրության երկարացմանը, դիմակ կրելուն՝ Թանդիլյանը պատասխանեց. «Ես որեւէ կերպ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ստատուսները չեմ պատրաստվում մեկնաբանել: Նա մի բան պետք է անի՝ դադարի մրցել մեծամտությամբ ու ցինիզմով ու հաղթել բոլորին այդ պայքարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ