Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես դիմում դեռ չեմ գրել». ՊԵԿ փոխնախագահը՝ Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների ու ՊԵԿ-ում նոր պաշտոնանկությունների մասին

Հունիս 08,2020 14:05

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնավարման հանկարծակի դադարեցումը մեկնաբանությունների ու քննարկումների տեղիք է տվել: Այսօր ԱԺ-ում ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանին հարցրեցինք՝ ի՞նչն է նրա հրաժարականի պատճառը, ճի՞շտ է այն վարկածը, որ վարչապետի հետ կապված տարաձայնություններ են առաջացել՝ կադրային խնդրի պատճառով: Նա պատասխանեց, որ դա պարոն Անանյանի որոշումն է եղել ու ցանկացած աշխատանքային հարաբերություններում լինում են աշխատանքից ազատվելու հարցեր:

Հարցին՝ դա անսպասելի՞ որոշում էր ձեզ համար, որովհետեւ կա տեղեկություն, որ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ խոսակցությունները մշտապես եղել են՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ իմանում, իմ աշխատանքը ծանրաբեռնված է, թե ինչ է խոսվում մամուլում, ես այդքան չեմ հետեւում: Պիտի ասեմ, որ որոշում է կայացված: Որոշել է պարոն Անանյանը ազատվել աշխատանքից ու ազատվել է»:

Լուրեր կան, որ ՊԵԿ-ում էլի անձինք կան, որոնք ազատման դիմում են գրել, ուստի հարցին՝ դուք է՞լ եք այդ ցուցակում ՝ ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես դիմում դեռ չեմ գրել»:

Քանի որ «դեռ» բառը հուշում է, որ կա նման մտադրություն, սկսեցինք ճշտել՝ ինչո՞ւ դեռ: Ի պատասխան՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ կատակով է ասել. «Սպասում էիք, որ պիտի ասեմ՝ հա, ես էլ եմ դիմում գրում, չէ՞: Բոլորը տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականությունները. կատարում են այնպես, ինչպես նախկինում: Եթե որեւէ փոփոխություն լինի, սովորաբար հանրությունը մեզանից շուտ է իմանում»:

Հարցին՝ մաքսատան հերթերը կարո՞ղ էին Դավիթ Անանյանի ազատման պատճառ դառնալ, թե՞ գուցե սա կապված է մաքսանենգ ծխախոտի խնդրի հետ՝ Մանուկյանը պատասխանեց. «Մաքսանենգ ծխախոտը ձեր որակումն է, այդպիսի բան գոյություն չունի, եթե լիներ՝ կլինեին համապատասխան հետեւանքներ»:

ՊԵԿ փոխնախագահը հորդորեց Դավիթ Անանյանի հրաժարականն ընդունել որպես առօրյա կյանքի ընթացակարգ՝ ասելով, որ որեւէ արտառոց հարց չկա:

Հարցրեցինք՝ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ձեր շեֆն ինչո՞ւ է հրաժարական տալիս՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես էլ կարող է որոշեմ մի բան անել եւ որեւէ մեկին չասեմ, թե ինչու եմ անում: Եթե հարմար գտնեմ՝ կասեմ, եթե հարմար չգտնեմ, որեւէ մեկն, ըստ էության, իրավունք չունի հարցնելու, թե ինչո՞ւ ես դա անում»:

Հարցին՝ ՊԵԿ նոր նախագահի մասին ի՞նչ տեսակետ կհայտնեք, որովհետեւ նշվում է, որ նա այնքան էլ պրոֆեսիոնալ չէ, ՊԵԿ-ում ձախողումներ են սպասվում՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ ՊԵԿ նոր նախագահի հետ արդեն 10 տարի է՝ համակարգում աշխատում է ու կարծում է՝ նա իր գործի պրոֆեսիոնալն է, նման հետեւություններ անելու պատճառ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930