Լրահոս
Օրվա լրահոսը

«168 մեքենա ունեք. մինի-ավտոբուսները նվիրաբերեք Երեւանին». պատգամավորը՝ ՊԵԿ փոխնախագահին

Հունիս 08,2020 13:47

«ՊԵԿ-ի նախորդ տարվա գնումներից մեկի պայմանագրի հավելվածներում անթիվ-անհամար ավտոմեքենաներ եմ հայտնաբերել: Որքա՞ն ավտոմեքենա ունի ՊԵԿ-ն իր տրամադրության տակ եւ ի՞նչ նպատակով է օգտագործում, դա արդյունավետ համարո՞ւմ եք,-ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2019թ.-ի ՊԵԿ-ի աշխատանքի կատարողականի ներկայացման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին նման հարցադրումներ հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Մանուկյանը պատասխանեց՝ այս պահին չի կարող հիշել, թե քանի ավտոմեքենա ունեն. «Դրանք սպասարկող մեքենաներ են, ծառայողական մեքենաներ ՊԵԿ-ում վաղուց չկան, եւ ծառայողական մեքենա հատկացված է միայն ՊԵԿ նախագահին: Ես էլ չունեմ ծառայողական մեքենա, եւ ՊԵԿ-ի ամեն ստորաբաժանում ունի սպասարկող մեքենա, որն օգտագործվում է միայն աշխատանքային նպատակով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում, հսկողական-մաքսային աշխատանք: Իմ օրինակով ասեմ, որ ես այդ մեքենաներից որեւէ մեկով տուն չեմ գնում եւ չեմ գալիս աշխատանքի: Եթե նման բան կա, ուրեմն՝ այս վերջին շրջանի իրավիճակով է պայմանավորված»:

Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Օգնեմ. 168 մեքենա ունեք եւ շատ անգամ ավելի պակաս թվով վարչություններ եւ ստորաբաժանումներ: Եթե դուք չունենք անձնական ավտոմեքենա, կարող եք օգտվել ՊԵԿ-ի երթուղային տաքսիներից՝ մինի-ավտոբուսներից, որոնք նշածս թվի տասը տոկոսն են եւ որոնք ՊԵԿ-ի աշխատողներին հավանաբար տանում են տուն, բերում: Չգիտեմ՝ ի՞նչ նպատակով եք օգտագործում, բայց կարծում եմ՝ որեւէ գերատեսչություն նման առավելություն եւ արտոնություն չունի: Ժամանակն է այդ ավտոբուսները Երեւան քաղաքին նվիրաբերելու»:

ՊԵԿ փոխնախագահը ծիծաղելով ասաց. «Նվիրաբերելու առումով չգիտեմ…Ճիշտն ասած՝ այս մեքենաները ՊԵԿ աշխատակիցների՝ աշխատանքի գալու հարցերն են լուծում եւ դրանց օգտագործման նպատակն անմիջականորեն կապված է ՊԵԿ աշխատողների՝ աշխատանքային պայմանների բարելավման հետ: Կարծում եմ՝ դա շռայլություն չի: Եթե այս կառույցի աշխատողների աշխատանքային պայմանների ապահովումը չպետք է շռայլություն համարվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930