Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՀԱՀ ամբիոնի վարիչ. «Ճանապարհաշինության ոլորտում մշտապես աշխատանք կա»

Հունիս 08,2020 14:40

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Գյուլզադյանի հետ զրուցում ենք ճանապարհաշինության ոլորտի ձեռքբերումների, ճանապարհաշինարարի մասնագիտության հեռանկարների և հարակից այլ թեմաների մասին։

-Պարոն Գյուլզադյան, ճանապարհաշինության ոլորտն այսօր հետաքրքրո՞ւմ է երիտասարդներին, դիմո՞ւմ են բուհ այդ մասնագիտությունը ստանալու համար։

-Ինչպես և տեխնիկական մասնագիտությունների մեծամասնությունը՝ ճանապարհաշինությունը նույնպես երիտասարդների համար նորաձև չէ, քանի որ հնչեղ անվանում չունի և ուսումնառության համար հեշտ չէ։ Սակայն եթե համեմատենք այսօր «պահանջված» մասնագիտությունների հետ, մեր մասնագիտությամբ բուհն ավարտողներին աշխատանքով ապահովելու և պահանջված լինելու տոկոսը համենայն դեպս նրանցից ցածր չէ։

-Ճանապարհաշինության ոլորտում մշտապես աշխատանք կա. ճանապարհներ միշտ կառուցվում են, նորոգվում են։ Դուք՝ որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին՝ մասնագիտանալով ճանապարհաշինության ոլորտում՝ երաշխավորված աշխատանք հետագայում կունենա՞ն։

-Արտասահմանում այս հարցը երևի թե չէր էլ ծագի, քանի որ ճանապարհաշինարարներն այնտեղ շատ պահանջված են։ Հայաստանում էլ վերջին տարիներին կատարվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, և նման ծավալի աշխատանքներ իրականացնելու համար պետք են լինում անհրաժեշտ քանակի և որակի մասնագետներ։ Առանց բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ այդ աշխատանքները հնարավոր չի լինի իրականացնել։ Մինչև համաճարակային իրավիճակի զարգացումը մենք ամբիոնում մշտապես տարբեր կազմակերպություններից ստացել ենք մասնագետների պահանջներ։ Երբեմն նույնիսկ չէինք հասցնում նրանց պատասխաններ տալ։

Ինչ վերաբերում է երաշխավորված աշխատանք ունենալուն, ապա միանշանակ պետք է ասեմ, որ այն ուսանողները, որոնք պատշաճ մակարդակով կտիրապետեն մասնագիտական խնդիրներին՝ ինչպես ավտոճանապարհների և կառուցվածքների նախագծման, այնպես էլ նրանց շինարարության և շահագործման ոլորտներում, մեծ հավանականությամբ կդառնան պահանջված մասնագետներ։ Այդպիսի շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործընթացը մեզ մոտ հստակ կարգավորված է, և յուրաքանչյուր տարվա ավարտից հետո այն շրջանավարտները, որոնք ուսման ընթացքում իրենց լավ են դրսևորել և չեն զորակոչվել զինվորական ծառայության, անմիջապես անցնում են աշխատանքի։ Իսկ նրանք, որոնք վերադառնում են զինվորական ծառայությունից, դարձյալ որոշ մասն իրենց ուժերով, որոշ մասը մեր աջակցությամբ ընդունվում են աշխատանքի։

-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հագեցա՞ծ է համապատասխան լաբորատորիաներով, մասնագիտական կադրերով՝ ճանապարհաշինության ոլորտում ժամանակակից կրթություն ապահովելու համար։

-Այս պահին մեզ մոտ ընթացքի մեջ է ճանապարհաշինությանն առնչվող ժամանակակից լաբորատորիայի կազմավորումը։ Կորոնավիրուսային համաճարակը մեզ մի փոքր խանգարեց այդ գործընթացն ավարտին հասցնելու համար, եթե նման իրավիճակ չառաջանար, մենք արդեն վերջացրած կլինեինք լաբորատորիայի ստեղծումը։ Լաբորատորիայի համար տարածք է հատկացված, մասնակցել ենք սարքավորումների ձեռքբերման մրցույթի և հույս ունենք, որ շատ մոտ ապագայում այդ լաբորատորիան կձևավորվի։

-Վերջին երկու տարիներին բավականին մեծ ծավալների ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ 2020թ. նախատեսված են մոտ 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման, միջին նորոգման աշխատանքներ։ Մեր մասնագիտական կարողությունները, հզորությունները բավարա՞ր են այդ ամբողջ ծավալի աշխատանքը որակով իրականացնելու համար։

-Ճիշտ նկատեցիք, որ վերջին տարիներին ճանապարհային ոլորտում աշխատանքների ծավալները մեծացել են։ Դրանք ընդգրկում են ինչպես նոր ճանապարհների շինարարություն, այնպես էլ գոյություն ունեցող ճանապարհային ցանցի վերականգնում։ Հայաստանում կան մի շարք ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք այս կամ այն աստիճանով համալրված են ժամանակակից տեխնիկայով ու տեխնոլոգիաներով։ Այդ կազմակերպություններում միշտ չէ, որ ամբողջ տեխնիկական անձնակազմը բաղկացած է նեղ մասնագետներից, ինչն իհարկե լավ չէ, սակայն դրանք մասնավոր կազմակերպություններ են, և անհնար է այդ կապակցությամբ որևէ բան անել։ Բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ձևավորվի աշխատուժի շուկա, որը մեզ համար որպես մասնագիտական պատվիրատու կարող է դառնալ։ Խիստ կարևոր է ճանապարհաշինական կազմակերպությունների հզորացման խնդիրը։ Դրան կարող է նպաստել մրցութային քաղաքականության վերանայումը, որը պետք է առավելություն տա այն կազմակերպություններին, որոնք ունեն ավելի ժամանակակից հզորություններ և ունակ են ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Սա այն ուղին է, որ կարող է բարձրացնել մեր արտադրական հզորությունների մակարդակը և դարձնել մրցակից արտասահմանյան կազմակերպությունների հետ։

-Վերջին երկու տարիներին Դուք՝ որպես մասնագետ, ինչպիսի՞ փոփոխություններ եք տեսնում ճանապարհաշինության ոլորտում։

-Աշխատանքների ծավալները մեծացել են, դա արդեն փոփոխություն է։ Դրական փոփոխություն կարելի է համարել հսկողական համակարգի խստացումը, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի։ Ճանապարհաշինությունն այնպիսի ոլորտ է, որտեղ առանց հուսալի ու խիստ հսկողության անհնար է աշխատել։ Հսկողության համակարգն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար խիստ կարևոր է ունենալ անկախ լաբորատորիաների համակարգ։ Ընդ որում, պատվեր ստանալու համար առավել կարևոր նշանակություն պետք է ունենա տեխնիկական հագեցվածությունը և կատարված հետազոտությունների հուսալիությունը։ Այն լաբորատորիաները, որոնք տալիս են ոչ օբյեկտիվ տվյալներ, պետք է մտցվեն սև ցուցակ և երբեք պատվերներ չստանան։

Զրուցեց Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930