Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմակների, ձեռնոցների ու ալկոգելի շուկաներում ուսումնասիրությունները շարունակվում են:
Լատեքսից ձեռնոցների շուկայում արդեն կան հարուցված վարույթներ՝ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով. «Բոլոր դեպքերում չկա դեպք, որ Հայաստան 20 դրամով դիմակ ներմուծված լինի ու վաճառվի 200 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ տասը անգամ բարձր գնով դիմակ ու դա ամբողջ աշխարհում է: Ես խոսել եմ ե՛ւ ՌԴ-ի, ԵԱՏՄ մյուս երկրների հետ, նույն վիճակը այնտեղ է: Ընդ որում, Հայաստանում վերջին շրջանում դիմակների գինը բավականին իջել է, որոշակի քայլեր ձեռնարկեցինք: Տեսաք, Մետրոպոլիտենի կայարաններում ավտոմատ համակարգի ապարատների միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում, այսինքն՝ մեկ դիմակը՝ 100 դրամ»:
Գեղամ Գեւորգյանը վստահեցրեց, որ եթե ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս իրավիճակից օգտվելով՝ տնտեսվարողները չարաշահել են իրենց դիրքը՝ անպայման կկրեն պատասխանատվություն:
Այս պահի վարույթներ կան ձեթի, հավի բդի, շաքարի շուկաներում, այնտեղ էլ հակառակ գործընթացն էր՝ գնի նվազում կար, որը գնահատվել էր կասկածելի:
Կարդացեք նաև
Ուսումնասիրվել է նաեւ կարագի շուկան, ցիտրուսային մրգերի, կոճապղպեղի շուկաները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ