Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչքան է լինելու գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի սակագինը. ում համար է թանկանալու գազը ու ինչքան. Գարեգին Բաղրամյանի պարզաբանումը

Հունիս 08,2020 12:08

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գազի սակագնի վերանայման հետ կապված ասաց, որ հանրային քննարկումների փուլ են սկսել ու դա ամփոփվելու է հանձնաժողովի նիստում. «Այս ամսվա վերջ նիստը տեղի է ունենալու: Կոնկրետ օրը դեռեւս չեմ կարող ասել»:

Հարցին՝ քննարկումների ընթացքն ի՞նչ է ցույց տալիս, կբարձրանա՞ գազի սակագինը, թե՞ կմնա անփոփոխ՝ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Դեռեւս քննարկումներում շատ փաստագրական կամ այլ հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության: Բայց դեռեւս վերջնական չի: Վերջնական սակագինը պարզ կլինի նիստի ժամանակ, բայց բնականաբար, նիստում քննարկվելու են մեր ներկայացրած հաշվարկները»:

«Գազպրոմն» առաջարկել է միջին գինը 283 դոլար, դա 5 սպառողական խմբերի միջին գինն է, այսօր գործում է 255 դոլար սակագինը, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է 266,7 դոլար՝ բաշխելով դա այնպես, որ սոցիալապես անապահով խմբերի ու բնակչության համար գինը չփոխվի, բեռը ծանրանա ջերմոցներ ունեցող տնտեսվարողների եւ 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների վրա:

Կանխատեսվում է, որ գյուղմթերքի գինը դրանից կբարձրանա: Բաղրամյանն ասաց, որ եթե գինը բարձրանում է, բնականաբար, ինչ-որ տնտեսության ճյուղեր, ինչ-որ սպառողներ իրենց վրա դա զգալու են, այլ հարց է, թե բարձրացումն ինչքանով կառավարելի կլինի տնտեսության այդ ճյուղերի համար:

Հարցին՝ «Գազպրոմի» ներկայացուցիչներն ասում էին, որ ձեր ներկայացրած հաշվարկներով իրենք չեն կարողանալու սպասարկում ապահովել, կարող է առանց գազ մնանք, ձեզ համար համոզիչ չէի՞ն իրենց փաստարկները՝ Բաղրամյանը պատասխանեց. «Չեմ կարծում «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչներն այդ ենթատեքստով են ասել, որ այլեւս չեն կարող շահագործել: Ես իր խոսքը այնպես եմ հասկացել, որ այսօրվա գործող գների համեմատությամբ…բնականաբար, մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:

Հանձնաժողովի նախագահը նաեւ ասաց, որ քննարկում են առաջիկա տասը տարվա կայուն ու կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորություն «Գազպրոմ Արմենիայի» հետ: Սակագնի հաշվարկման մեթոդիկան հիմա դրված է հանրային քննարկման, նախատեսվում է կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ մոտ 500 մլն դոլար, դրա արդյունքում կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Կախված նրանից, թե սահմանին գազի ինչ սակագին կունենանք՝ այդ գնից կախված մարժան կանխատեսելի կլինի:

Ինչ վերաբերում է ջրի սակագնին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ «Վեոլիա ջուրը» օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում պետք է ներկայացնի սակագնի վերանայման հայտ: Էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիր առնվազն մինչեւ փետրվարի 1-ը չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930