Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում ընթացող տեսչական ստուգումների շրջանակներում, առանձին զրահատանկային զորամասերից մեկի հետ անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլը խաղարկվել է հունիսի 7-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում:
Հարձակողական թեմատիկայով անցկացված մարտավարական զորավարժությունների ընթացքում խաղարկվել են ռազմական իրադրության առկա և հավանական զարգացումների բնույթից բխող տարբեր մարտավարական դրվագներ, որոնց հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:
Մարտավարական զորավարժությունների ողջ ընթացքում մասնակից անձնակազմը ցուցաբերել է պատրաստվածության և կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել հրամանատարների կողմից ընդունված համապատասխան որոշումներն ու մտահղացումները, իսկ հրետանային ստորաբաժանումների հետ ակտիվ փոխգործակցության ապահովման արդյունքում ստանալով համապատասխան կրակային աջակցություն խոցել պայմանական հակառակորդի թիրախները, ամբողջ ծավալով իրագործել առաջադրված մարտական խնդիրն ու զբաղեցնել առավել նպաստավոր կրակային բնագծեր:
Ընդհանուր առմամբ, զորավարժության ընթացքում ներգրավված ստորաբաժանումները գործել են ներդաշնակ ու փոխգործակցված, իսկ մարտավարական գործողությունները լրիվությամբ համապատասխանում էին զորատեսակին առաջադրված իրական մարտական խնդիրներին ու հավանական հակառակորդի կողմից սպասվող մարտահրավերները չեզոքացնելու արդի պահանջներին:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն