«Այսօր պարետատանը ծանր հանձնարական է լինելու, բայց այն կյանքի պետք է կոչել: Դա լինելու է այն, որ սահմանը հատել միմիայն ձեռքին ունենալով COVID-19 տեսակի համավարակի թեստի բացասական արդյունք. այսինքն՝ հետազոտվել, հետո գալ Արցախ. բոլորի համար դա պետք է անխտիր պայման լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր պարետատան հետ հանդիպում է ունենալու և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանման հետ կապված խստացումների հանձնարարականներ տալու:
Արայիկ Հարությունյանի տվյալներով՝ ամեն օր Հայաստանից համարյա 500-600 մարդ ելումուտ ունի Արցախ: Այս առիթով ասաց. «Եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք և հավանականության տեսությանը, ապա մենք ամեն օր հաստատ Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են, հավանական աղբյուր կարող են հանդիսանալ, և այդ ամենը վերահսկելը դժվար է»:
Նա նշեց, որ Արցախի ՊԲ-ն արդեն վաղուց այդ պրակտիկան է օգտագործում, դրա համար էլ հնարավոր է եղել բանակը զերծ պահել վարակից: Նախագահը հայտնեց, որ սպայական անձնակազմի այն ներկայացուցիչները, որոնք գնում են Հայաստան, հետ գալուց պարտադիր անցնում են այդ հետազոտությունը:
Կարդացեք նաև
Արցախի նախագահը հայտնեց, որ համապատասխան ծառայություններին կհանձնարարի ունենալ անցակետերում արագ թեստի հնարավորություններ, և եթե քաղաքացին եկել է, չունի համապատասխան բացասական արդյունք, տեղում արագ թեստ կհանձնի՝ սպասելով 15-20 րոպե: Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ պետք է մարդկանց մուտքը նվազեցնել, մինչև վարակի տարածման տեմպերի անկում զգանք ՀՀ-ում:
Նա նաև հայտնեց, որ փուլ առ փուլ պետք է անցնեն դիմակի պարտադիր կրմանը ու հավելեց. «Այսօր հրավիրվել է պարետատան հետ հանդիպում, և քննարկման արդյունքում կունենանք որոշումներ: Այն, որ դիմակ կրելը պետք է դարձենք պարտադիր՝ փուլ առ փուլ, իսկ սահմանից մուտք գործելիս պարտադիր թեստի բացասական արդյունք պետք է լինի, սրանք լինելու են մեր առաջին քայլերը, նաև թաղումների վերահսկողությունը: Սահմանը հատող բոլոր անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոններին և պահպանեն դրանք հետագայում: Ցանկացած մատակարար, վարորդ քաղաքացի պետք է տեղում ստանա համապատասխան թերթիկ, որտեղ գրված են լինելու պարետի կողմից ցուցումները: Տեսնում ենք, որ վարակի տարածման ամենամեծ պատճառը թաղումներն են: Չափազանց պետք է խստացնենք: Եթե չխստացնենք, մենք ունենալու ենք շատ թաղումներ: Քիչ թաղումներ ունենալու համար պետք է գոնե նման դեպքերում պահպանենք կանոնները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ