Aravot.am-ը ATV հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Արամյանից հետաքրքրվեց՝ պարզե՞լ են պատճառը, թե ինչու ATV-ն չի հեռարձակվում Արցախում: Հեռուստաընկերության տնօրենը պատասխանեց. «Մենք մամուլից տեղեկացանք, որ իրենք խնդիրը շտկում են, եւ այն տեխնիկական է, չնայած արդեն նամակ ենք ուղարկել՝ որպեսզի հասկանանք վերականգնման ժամկետները, առայժմ սպասում ենք պատասխանի: Սա է ամբողջը, ուրիշ մեկնաբանություն տալ չեմ կարող»:
Մեր հարցին՝ կարծում է խնդիրը զուտ տեխնիկակա՞ն է, թե՞ այլ ենթատեքստ կա, Ռուբեն Արամյանը պատասխանեց. «Մեր ալիքի առանձնահատկությունից ելնելով, որ այն ապաքաղաքական է, չեմ կարծում, որ ATV-ի չհեռարձակվելը քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, ուստի մամուլում եղած տեղեկություններին, որ պատճառը տեխնիկական է, վստահում ենք: Ուղղակի ուզում ենք հասկանալ, թե երբ կլուծվի խնդիրը: Կարծեմ իրենք արտասահմանից բան են պատվիրել, եւ ճանապարհին է տեխնիկական համալրումը: Դրա համար էլ համբերատար սպասում ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուբեն Արամյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից: