Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական այս իրավիճակում միտումնավոր հասարակությանը պառակտելը, այն էլ կազմակերպված խմբերի կողմից, ծանր հանցագործության տեսակ է. Լևոն Բաղդասարյան

Հունիս 08,2020 11:01

Նախորդ դարի իննսունականներին, երբ պատերազմ էր, սով էր, ցուրտ էր, նաև՝ համատարած արտագաղթ, իսկ երկրի ալյուրի պաշարը՝ ընդամենը մի քանի օրվա, այնպես չէր, որ մարդիկ հիացած էին այն ժամանակվա պետության վարած քաղաքականությամբ: Բոլորն էին գիտակցում, որ որոշվում է ազգի, պետության ճակատագիրը և միակամ էին: Դա էր պատճառը, որ այդ ծանր փորձությունից դուրս եկան հաղթանակած, ի տարբերություն հարևան երկրների, որոնց պառակտվածությունը բերեց տարածքային կորուստների:

Այսօր Հայաստանը պայքարում է երկու ճակատով. արտաքին թշնամի, ով ի լուր աշխարհի հայտարարում է, որ դիմելու է ուժային մեթոդների, և աշխարհի թիվ մեկ սարսափը՝ կորոնան:

Դրան էլ կարծես գումարվում է երրորդ ճակատը՝ ներքին խմորումները, ու, եթե խաղաղ պայմաններում կարելի է օրենքի շրջանակներում դա դիտարկել իրավաչափ, ապա պայմանավորված պատերազմական վիճակով, այն էլ երկու ճակատով, և փորձել սրել առանց այն էլ լարված մթնոլորտը, թուլացնել պետությանը, ջլատել ուժերը, անթույլատրելի է: Ավելին, պատերազմական այս օրերին խոսել միայն իշխանության առերևույթ անկարողության մասին, դա հարված է պետականության սրտին: Ունենք պարտավորություն՝ ստորադասելու մեր էգոն, ամբիցիաները, վիրավորվածությունն ու կուսակցության շահը և համախմբվելու բացառապես մեկ ուժի՝ պետության շուրջը։ Իրավամբ, Հայրենիքը վտանգի մեջ է ու Հայրենիքի կողքը կանգնելուց զատ ցանկացած հայտարարություն ու գործառույթ, որով թուլացվելու է երկիրը, անթույլատրելի է և լինելու է կործանարար:

Միավորված և միակամ հաղթենք երկու ճակատում էլ, նոր դրանից հետո զբաղվենք մեր ներքին հարցերով, այն էլ ոչ փողոցային եղանակով կամ ընտրովի արդարադատությամբ։

Պատերազմական այս իրավիճակում միտումնավոր հասարակությանը պառակտելը, այն էլ կազմակերպված խմբերի կողմից, ուզում եք անունը կուսակցություն դրեք, ուզում եք՝ այլ անուն, ծանր հանցագործության տեսակ է, որը նախատեսված է նաև գործող քրեական օրենսգրքով, ուստի պետական լիազոր մարմիններն ունեն պարտավորություն՝ երկրում անհապաղ հաստատելու օրենքի դիկտատուրա և բոլոր սադրիչներին ենթարկելու թիրախային պատասխանատվության։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930