Լրահոս
Օրվա լրահոսը

Համարանիշները գողանալու ու գումար շորթելու «նուրբ արվեստը»

Հունիս 08,2020 12:30

Առցանց հարթակում վերջին օրերին քննարկվում են ահազանգերն այն օգտատերերի, որոնք «անհայտ բաժանորդի» հետ ուշագրավ նամակագրություն են հրապարակում. վարորդների ավտոմեքենաների պետհամարանիշները գողանում են եւ վերադարձնելու դիմաց գումար պահաջում: Ընդ որում, «նրբանկատ» գողերը մեքենայի վրա են թողնում իրենց հեռախոսահամարը, ապա հավելվածով այդ հեռախոսահամարով իրենց դիմած վարորդի հետ բանակցում՝ պայմանով, որ տուժած վարորդը գումարը վճարելուց հետո պետհամարանիշը վերցնելու է x վայրից՝ առանց «վերադարձնողին» տեսնելու: Տուժած վարորդներն ու այլ օգտատերեր մատնանշում են՝ երբ գողանում կամ կորցնում են ավտոմեքենայի միաժամանակ երկու՝ առջեւի եւ հետեւի պետհամարանիշները, ոստիկանությունը դրանք չի վերականգնում:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն «Առավոտին» հայտնեց, որ նման դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցված, իսկ պետհամարանիշների տրամադրման կարգը սահմանել է կառավարությունը՝ 2010թ.-ի 1251N որոշմամբ:

Ուսումնասիրելով այդ որոշումը՝ մեջբերենք հետեւյալը.

– Կորած զույգ համարանիշների (իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն՝ հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաեւ դրա) փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշներ:

– Զույգ համարանիշներից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Այդ դեպքում մինչեւ կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր-2» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

Հատկանշական է, որ գողերը տանում են հենց երկու՝ առջեւի եւ հետեւի համարանիշները միաժամանակ, այսինքն՝ վարորդին նույն համարանիշները առանց իրենց վերականգնելու «տեղ» չեն թողնում. մնում է կամ համաձայնել գումարը վճարել ու գողացվածը հետ ստանալ, կամ հին համարանիշներին հրաժեշտ տալ:


«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ-ի համահիմնադիրներից Դավիթ Պեդանյանը նշում է՝ օգտատերերից ասել էին, որ համարանիշների գողություններն ավելի շատ գրանցվել են Նոր Նորքում՝ մոտ 100 դեպք. «Գողացել են հիմնականում 250 000 դրամ եւ ավելի արժեցող համարանիշները, որոնց պարագայում պարզ հաշվարկը ցույց է տալիս՝ քաղաքացուն ավելի ձեռնտու է «փրկագինը» վճարել եւ համարանիշները հետ ստանալ: Երկու պետհամարանիշը կորցնելու դեպքում այն չի վերականգնվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930