«Առավոտի» խնդրանքով անմեղության կանխավարծին առնչվող հարցերի մասին է փաստաբան Գեւորգ Գյոզալյանի մեկնաբանությունը
«Երբ յաջորդ առաւօտեան ժողովուրդը եկաւ նրա ամուսնու՝ Հովակիմի մօտ, եկան նաեւ երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անօրէն մտադրութեամբ՝ սպանելու նրան, եւ ասացին ժողովրդի առաջ. «Մա՛րդ ուղարկեցէք կանչելու Քեղկիայի դստերը՝ Շուշանին, որ Յովակիմի կինն է: Եւ նրանք մարդ ուղարկեցին: Եկաւ Շուշանը, եկան նաեւ նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները: Շուշանը շատ նազելի էր եւ տեսքով գեղեցիկ: Եւ քանի որ ծածկուած էր շղարշով, անօրէնները հրամայեցին մերկացնել նրան, որպեսզի յագենան նրա գեղեցկությամբ: Լաց էին լինում իւրայիններն ու բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին նրան: Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին. նա լաց լինելով նայեց դեպի երկինք, որովհետեւ նրա սիրտը ապաւինել էր Տիրոջը: Երկու ծերունիներն ասացին. «Մինչ մենք մենակ զբօսնում էինք այգում, նա այնտեղ մտաւ երկու աղջիկների հետ, փակեց այգու դռներն ու արձակեց աղջիկներին: Մի պատանի, որ թաքնված էր, եկաւ նրա մօտ ու եղավ նրա հետ, իսկ մենք այգու անկիւնում էինք. երբ տեսանք անօրէնութիւնը, մօտեցանք նրանց եւ տեսանք նրանց իրար հետ լինելը: Պատանուն չկարողացանք բռնել, որովհետեւ մեզանից աւելի ուժեղ էր. նա բացեց դուռը եւ դուրս փախաւ: Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թե ո՞վ էր պատանին: Նա չուզեց պատմել մեզ: Ահա այս ենք վկայում»:
Սա մի հատված է «Աստվածաշնչի»՝ «Դանիէլի Մարգարէութիինը» գլխից, որտեղ գեղեցիկ Շուշանին մահվան դատավճռից փրկում է Դանիել Մարգարեն, ապացուցելով, որ ծերունի դատավորները ստում են եւ որ չափազանց կարեւոր է ապացույցների հիման վրա քննել եւ պարզել ճշմարտությունը, մինչ Իսրայելի դստերը մահապատժի ենթարկելը: «Այդպէս անխե՞լք էք, Իսրայելի՛ որդիներ. չէք քննում, ճշմարտութեանը հասու չէք լինում եւ դատապարտո՞ւմ էք Իսրայելի դստերը»:
Վկայակոչված պատմությունը մի օրինակ է անարդարության, ըստ որի՝ մահապատժի է դատապարտվում անմեղ մի անձնավորություն բացառապես երկու անձանց կեղծ վկայության հիման վրա եւ հասարակության ճնշող մեծամասնության կողմից այդ կեղծիքին անվերապահորեն հավատալու կամ նվազագույնը անտարբեր մնալու արդյունքում:
Կարդացեք նաև
Շատ հաճախ մարդկանց ուղեղը ոչ միանշանակ է արձագանքում շրջապատող աշխարհի երեւույթներին, իրադարձություններին, մարդկանց վարքագծին եւ այլն: Դժվար թե գտնվի մի մարդ, ով իր վատ արարքները կհիմնավորի նրանով, որ ինքը իրականում ստոր սրիկա է: Գրեթե միշտ մարդկանց ուղեղը արդարացումներ է գտնում մարդու վատ արարքների համար, որոնք թեեւ պայմանավորված են անձնական շահերով, սակայն շատ ավելի ուղեղի այն աշխատանքով, ըստ որի ուղեղը մշտապես ազդակ է տալիս, որ նա չի կարող վատ մարդ լինել: Այս տեսակետից մարդու ուղեղի մտածող մասը միշտ արդարացնում եւ պատճառաբանում է նույն ուղեղի զգացական մասի կողմից ընդունված եւ իրագործված որոշումներն ու գործողությունները:
Միաժամանակ մարդիկ ավելի շատ հակված են հավատալու եւ տարածելու օդում կախված լուրերը, որոնց իրական լինելուն փափագում են, թեեւ իրենց վարքով ցույց չեն տալիս, իսկ շատ դեպքերում դրսեւորում են իրենց ներքին ցանկություններին հակադիր՝ հրապարակային վարքագիծ, կեղծ ցույց տալով, որ մտահոգված են կոնկրետ անձով կամ իրադարձությամբ:
Որպես օրինակ, երբ Ա-ն չի սիրում իր հարեւան Բ-ին եւ Գ-ն Ա-ին հայտնում է կեղծ լուր առ այն, որ Բ-ի որդին հանցագործ է, որպես կանոն, Ա-ն այդ լուրը որպես անհերքելի ճշմարտություն տարածում է անսահմանափակ թվով անձանց շրջանակում, ինչն էլ իր հերթին բերում է նրան, որ ինչ-որ մի պահի այդ կեղծիքը դառնում է «անհերքելի ճշմարտություն», քանի որ բազմաթիվ անձինք առանց խորանալու փաստերի մեջ, հավատացել եւ տարածել են այն: Խնդիրը էլ ավելի է լրջանում, երբ Ա-ն հանդիսանում է հանրային ծառայող: Բնականաբար, Ա-ն այդպես չի վարվի, եթե խոսքը գնա իր սիրելի հարեւան Դ-ի մասին: Այս ամենին գումարեք «Ֆեյսբուք», «Թվիթեր», «Յութուբ» եւ այլ սոցիալական ցանցերը եւ պատկերը կլինի ամբողջական (սա այլ մեծ եւ հետաքրքիր թեմա է, որին հուսով եմ՝ կանդրադառնամ: Մասնավորապես՝ սոցիալական ցանցերի միջամտությունը անձանց հիմնական իրավունքներին եւ ազատություններին):
Որտե՞ղ է այն սահմանը, երբ իրականը բաժանվում է կեղծիքից, երբ հասարակության ամեն մի անդամ պաշտպանված է անհիմն մեղադրվելուց կամ որ էլ ավելի կարեւոր է զգացական հողի վրա՝ «Լինչի դատաստան»-ից:
Վերը մենք տեսանք, որ հնագույն ժամանակներում անգամ, ճշմարտությունը պարզվել է քննության միջոցով՝ Ատյանում, որտեղ ներկայացվել են ապացույցներ: Միայն Ատյանն է, որ կարող է առավելագույնս արտահայտել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ եւ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ շահը: Միայն Ատյանն (դատարանը) է, որը վեր է հանում ամեն մի մանրուք, ամեն մի հանգամանք, որն ի վերջո բերելու է արդարության եւ հավասարության հռչակմանը: Ավելորդ է ասել, որ Ատյանը պետք է լինի իրապես հեղինակավոր, մարդասեր, խիստ եւ արդար:
Առաջադեմ մի շարք պետություններ իրենց սահմանադրություններում` ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, միջազգային մի շարք փաստաթղթեր (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (6-րդ հոդված), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (11-րդ հոդված) եւ այլն), աներկբա ամրագրել են անձի անմեղության կանխավարկածը, Հայաստանն այս առումով բացառություն չէ, թեեւ հանուն արդարության պետք է փաստեմ, որ գրված օրենքի ու իրական կյանքի միջեւ առկա է մի մեծ անջրպետ:
ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես տեսնում ենք վկայակոչված նորմերից՝ անմեղության կանխավարկածը պատկանում է հանրային իրավունքի ինստիտուտին: Այլ կերպ ասած՝ անմեղության կանխավարկածի հասցեատերը հանդիսանում է բացառապես հանրային իշխանությունը՝ պետությունը:
Վերը վկայակոչված օրինակում, երբ Ա-ն ոչ որպես հանրային ծառայող, անսահմանափակ թվով անձանց հայտնում է, որ Բ-ի որդին հանցագործ է, նա չի խախտում Բ-ի որդու անմեղության կանխավարկածը, քանի որ դրա հասցեատերը նա չէ: Այստեղ կարող է հարց առաջանալ, իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանվի Բ-ի որդու իրավունքները: Պատասխանը շատ պարզ է՝ մասնավոր իրավունքի դաշտում, մասնավորապես քաղաքացիական օրենսդրության շրջանակներում (պատիվ, արժանապատվություն. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդված):
Ցավոք, այսօր Հայաստանի իրավաբանական հանրույթում առկա է շփոթ այս ինստիտուտի հետ կապված, որը գալիս է նրանից, որ տարանջատում չի կատարվում հանրային եւ մասնավոր իրավունքների միջեւ: Բանը հասել է նաեւ նրան, որ այդ շփոթը շատ հաճախ տեղ է գտնում նաեւ դատական պրակտիկայում (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 22/11/2019թ-ի թիվ ԵԴ/17717/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր 30/03/2010թ.-ի թիվ ՍԴՈ-871 որոշմամբ անդրադառնալով անմեղության կանխավարկածի ինստիտուտին՝ նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն՝ այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում եւ միան դատական ակտով: Անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է նաեւ, որ անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպետք է պարունակեն, իսկ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»: Սահմանադրական դատարանը համապարփակ եւ հստակ տվել է անմեղության կանխավարկածի հասկացության էությունը, բայց որքանո՞վ է այն դարձել ամենօրյա վարքագծի կանոն: Այստեղ, ցավոք, ես խոսքեր չեմ շռայլի:
Մեր շատ պաշտոնյաների միտքը, սկսած 90-ականներից, սկսվել եւ սկսվում է մոտավորապես այսպես. «Իհարկե, Բ-ի որդու անմեղության կանխավարկածը չխախտելով պետք է ասեմ, որ Բ-ի որդին սպանել է, գողացել է, կեղծել է»: Սա սխալ է: Հանրային ծառայողները պետք է մոռանան Բ-ի որդուն այնքան ժամանակ, քանի դեռ Բ-ի որդին չի դատապարտվել կամ արդարացվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սա, իհարկե, չի նշանակում, որ հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկություններ չպետք է տրամադրել: Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ քաղաքական բանավեճերին, քաղաքական խոսքին, որի ժամանակ օգտագործվում է որոշակի փոխաբերություններ հանրային անձանց եւ գործիչների վերաբերյալ կամ հասարակական հնչեղություն ստացած գործերի եւ դրանում ներգրավված անձանց վերաբերյալ: Բայց այս դեպքում եւս մտքերն ու արտահայտությունները պետք է ընտրվեն զգուշորեն:
Հայաստանում այսօր մեկ այլ մեծ խնդիր է խափանման միջոց՝ կալանքը: Այն հասարակության կողմից ընկալվել եւ ընկալվում է անձի մեղավորություն ազդարարող դատական ակտ: Այնինչ, եթե անձը կալանքի տակ է, դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է, այդ անձի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի անկախ եւ անաչառ դատարանում, որպեսզի մենք չունենանք շուշաններ:
Ամփոփելով վերը ողջ ասվածը եւ այն համադրելով ներկա իրականության հետ, անհրաժեշտ է նշել, որ մեր հասարակական հարաբերություններում տոտալ խախտվում է անմեղության կանխավարկածն ու անձանց պատիվն ու արժանապատվությունը: Սա նոր երեւույթ չէ Հայաստանի հասարակության համար, սրա դեմ նախ եւ առաջ պետք է պայքար մղեն քաղաքական իշխանությունները եւ հասարակությանը կրթեն իրավական մշակույթի նորմերով, նախ եւ առաջ իրենց վարքագծով հանրությանը ցույց տալով, որ հարցերը լուծվում են դատարաններում՝ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ: Դատարանն է միակ այն վայրը, որտեղ կարող է հռչակվել անձի մեղավորությունը/անմեղությունը կամ ապացուցվել/հերքվել անձի պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգությունը: Ցանկացած այլ տիրույթներում անձանց հանցագործ դարձնելը կամ նրանց անվանարկելը չի նպաստում հեռավոր ապագայում ունենալու մեր երազանքների հասարակությունը, որի անդամների գերակշիռ մասի մոտ առկա է պատասխանատվություն, հարգանք, սեր, հանդարտություն եւ քաղցրություն իր նմանի նկատմամբ: Այս առումով սոցիալական ցանցերը լավագույնս չեն նպաստում այս մշակույթի ներդրմանն ու զարգացմանը: Ավելին, այս ուղիով տեւական ժամանակ գնալու դեպքում, ցավոք, դատարանին կփոխարինեն «բիսեդկաները» եւ սոցիալական ցանցերը, ինչն ի վերջո կբերի «Լինչի դատաստանի»:
Գևորգ ԳՅՈԶԱԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2020