ՀՀ վարչապետին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին՝ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից
Հարգելի Վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, իշխանության ներկայացուցիչներ.
Հանրային խորհրդում վերջերս կազմակերպված քննարկումներն էլ հստակ ցույց տվեցին, որ այս արտակարգ, իսկապես շատ ծանր իրավիճակում հույսը չի կարելի միայն դնել մարդկանց ինքնագիտակցան, պատասխանատվության ներքին զգացման վրա: Անհրաժեշտ է շատ ավելի պարտադրող քայլերի դիմել:
Այսօր իշխանական կառույցները ուղղակի պարտավոր են մի կողմ թողնելով համոզելու, համակրանք շահելու փորձերը` նորից վերադառնալ շատ ավելի խիստ կանոններին: Պայմաններ ստեղծեն, որ հնարավորինս նվազեցվի անմիջական շփման անհրաժեշտությունը, վարակի առկայությունը ժամանակին ախտորոշվի և վարակվածներն էլ, անկախ նրանից, հեշտ են տանում հիվանդությունը, թե ոչ, մեկուսացվեն առողջներից:
Կարդացեք նաև
Կոլեկտիվ իմունիտետի անհիմն պնդումները պետք է մի կողմ թողնվեն: Ասիմպտոմ, քիչ ծանր հիվանդին ուղղարկել տուն, դա կոպիտ սխալ էր, դա նշանակում է լռելյայն համաձայնվել, որ տնեցիներն էլ, հաճախ բարեկամներն էլ, հարևաններն էլ վարակվեն: Դիմակ կրելով, ձեռնոցներ հագնելով էլ այժմ հարավոր չի լինի կասեցնել համավարակի տարածումը: Բոլոր դեպքերում վարակակիրները, վարակ տարածողները պետք է մեկուսացվեն՝ թեկուզ դժվարին, թեկուզ ծանր պայմաններով: Այդ ինչ օրի ենք արդեն հասել, որ մարդիկ հերթ են կանգնում հոսպիտալացման համար: Զբաղեցրեք համերգասրահները, մարզահրապարակներում վրաններ դրեք: Մի կողմ դնելով հպարտությունը՝ օգնություն խնդրեք բարեկամ երկրներից: Խնդրեք մահճակալներ, դեղեր սարքավորումներ և նրանք սիրով Ձեզ կտան, որ վարակի մի օջախ էլ գոնե սկսի ընդամենը ծխալ:
Շարունակել այս ճանապարհով գնալ, դա նշանակում է հիվանդացնել ողջ բնակչությանը՝ մահերի համապատասխան քանակով: Մարդկային կապիտալն է ամենաարժեքավորը: Տնտեսական և բոլոր այլ հարցերը ամբողջությամբ պետք է դրանից ստորադասվեն: Չի կարելի ողջ ժողովրդին տանել դժոխքի միջով և փորձել միայն մի մասին փրկել:
Ի վերջո իշխանությունն է ուղղորդողը: Նա է պատասխանատու և ստեղծված իրավիճակի, և կորուստների համար: Եվ շատ ցավալի կլինի, որ այս հրաշք հեղափոխությունը տխուր վախճան ունենա:
Ելքի ճանապարհներ այսօր էլ դեռ կան: Պետք է միայն վճռական քայլեր ձեռնարկել: Պետք է մտցնել պարետային ժամ: Երկու, երեք շաբաթով նորից պետք է արգելել հասարակական տրանսպորտի, սրճարանների, ռեստորանների, խաղատների, հանգստի կազմակերպման այլ վայրերի, որոշ առևտրի կետերի աշխատանքը, հավաքները, զանգվածային միջոցառումները: Նորից է պետք տեղաշարժման ավելի խիստ կանոններ սահմանել: Հստակ մշակված ուղեցույցերով պարտադրել, որ հեռավար գործունեության կազմակերպման հնարավորություն ունեցող բոլոր կազմակերպությունները, բանկերը, գրասենյակները, հիմնարկները՝ այդ թվում պետական և տեղական իշխանության բոլոր մարմինները հիմնականում անցնեն տանից կատարվող աշխատանքներին: Հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները պետք է ստեղծել, որ կրճատվի կանխիկ դրամաշրջառությունը, մարդիկ հիմնականում կարողանան օգտվել էլեկտրոնային փոստի ծառայությունից:
Սակայն այդ բոլորից բացի և ամենակարևորը՝ ստեղծված այս ծանր պայմաններում, հպարտությունը մի կողմ դնելով օգնություն է պետք խնդրել և անպայման, բավարար չափով այն մեզ կտրամադրվի:
Հարգելի իշխանության ներկայացուցիչներ.
Որպես Հանրային խորհրդի՝ Համազգային խնդիրների ուսումնասիրման աշխատանքային խմբի անդամներ մենք օրեր առաջ արդեն Ձեզ էինք ուղարկել այս ուղղվածությամբ մշակված մեր առաջարկությունների փաթեթը (հիշեցման համար այն նորից եմ կցում այս դիմումին):
Այսօր չի կարելի հուսալքվել: Ամեն ինչ դեռ այդքան էլ անհույս չէ, ելքի ճանապարհներ դեռ կան: Իրոք կարելի է խուսափել սպասվող այդ դժոխքից: Դուք պարտավոր եք, և այս անգամ գոնե հույս ունեմ, որ ավելի վճռական կլինեք, կընդունեք Ձեր սխալները, ավելի ուշադիր կլինեք, հաշվի կառնեք այլոց կարծիքները նույնպես:
Մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինը ունենք: Եվ անկախ ամեն ինչից, նորից եմ հայտնում մեր խմբի պատրաստակամությունը՝ համատեղելով ջանքերը Ձեզ հետ, հնարավորինս աջակցել, որ այս ճգնաժամը ինչքան կարելի է շուտ հաղթահարվի: