Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին իր սեփական ավտոտնակում իրավունք ունի՞ դիմակ չկրել

Հունիս 07,2020 23:28

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր Երեւանում հակահամաճարակային կանոնների հսկման ու աջակցման ակցիաներ  իրականացրելու ընթացքում մոտեցել է իր ավտոտնակում գտնվող ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին եւ նրա հետ բանավեճի բռնվել:

Սայաթ Շիրինյանը պահանջում էր նախ՝  չհատել իր սեփականությունը հանդիսացող տարածքի սահմանը, ապա նաեւ՝ պահպանել սոցիալական հեռավորություն, Իսկ Դանիել Իոաննիսյանը փորձում էր ապացուցել, որ քաղաքացին դիմակ չկրելով խախտում է պարետի որոշումը: Դանիել Իոաննիսյանը պնդում էր, որ պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է ՀՀ ամբողջ տարածքում, անգամ տանը: «Համապատասխան որոշումը ցույց տվեք, 10 հազար դրամը տուգանեք ու հեռացեք»,- ասում էր Շիրինյանը:

Ավելի ուշ, Սայաթ Շիրինյանը Aravot.am-ին ասաց. «Այսօր ծննդյանս օրն է, ու այդ երիտասարդը «լավ նվեր մատուցեց»: Չգիտեմ, ինչ-որ հանձնարարականով, հավանաբար, ստուգում են պարետի որոշման կատարման վիճակը՝ օգնելով պարետատանը: Բայց այդ երիտասարդը պատկերացում անգամ չուներ, որ ՀՀ օրենքով ավտոտնակը, ավտոմեքենան մարդու անձնական սեփականություն են՝ հավասարեցված բնակարանի սեփականության իրավունքին: Հետեւաբար, քաղաքացին իր անձնական տարածքում, ինչպես բնակարանում, պարտադիր դիմակ կրելու պարտավորություն չունի»:

Դանիել Իոաննիսյանն իր հերթին պարզաբանեց. «Այդ մարդը պնդում էր, որ ավտոտնակն իր բնակության վայրն է եւ այդտեղ չի տարածվում ՀՀ օրենսդրությունը: Ես չգիտեմ, Շիրինյանն իրականում ավտոտնակում էր ապրում, թե ինչ էր անում: Ամեն դեպքում իր նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ ինքը օրենսդրությամբ սահմանված կարգով պարետի որոշումը խախտելու համար կենթարկվի պատասխանատվության, կտուգանվի 10 հազար դրամ»:

Հետաքրքրվեցինք, թե ինքը որպես ՀԿ համակարգող իրավունք ունի՞ նման շրջայցեր կատարել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք բոլորս դա անում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դրա իրավունքը մենք ունենք ՀՀ սահմանադրությամբ»:

https://www.facebook.com/ashot.hovhannisyan.71/videos/3231933910203914/

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930