Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի «Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում անընդհատ վարչապետի հրաժարականը պահանջելու կոչերին: Մասնավորապես, դրանով հանդես է գալիս Միքայել Մինասյանը, Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենը, շտապում է հայտարարել, որ ինքն ավելի շուտ էր հայտարարել վարչապետի եւ կառավարության հրաժարականի մասին, ՀՅԴ-ն է դիմում խորհրդարանին, իմքայլականներին ակնարկում այդ մասին, այս փուլում այդպիսի պահանջներ ներկայացնելը որքանո՞վ եք իրատեսական համարում» հարցին՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանը մասնավորապես ասել էր. «Այսօրվա իրականությունն ինձ հիշեցնում է 1920 թվականի իրականությունը, երբ Առաջին Հանրապետությունում մոլեգնում էր տիֆի համաճարակը, տնտեսական խառը վիճակը, սովը, հիվանդությունները: Եվ որոշ դրսի ուժեր՝ օգտվելով այդ իրավիճակից, բզիկ-բզիկ արեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Նրանք օգտվեցին՝ ներսում որոշ ուժերի ուժեղացնելով դրսից: Ուղղակի մի խոսք կա, որ պատմությունն առաջին անգամ ողբերգական է, երկրորդ անգամ երբ կրկնվում է, շատ կոմիկական է կրկնվում: Ես ուղղակի հորդորում եմ՝ իրենց կլոունի տեղ չդնեն եւ գոնե ՀՅԴ-ի ժողովրդին կոչ եմ անում վերընթերցել Առաջին Հանրապետության պատմությունն ու տեսնել, թե ոնց եղավ»:
Aravot.am-ը իմքայլական պատգամավորի այս խորհուրդը մեկնաբանել խնդրեց ՀՅԴ անդամ, պատմաբան Բագրատ Եսայանին: Նա հիշեց «Մենք ենք՝ մեր սարերը» ֆիլմը. «Ավելի դիպուկ պատասխան տալ, քան ֆիլմում Սոս Սարգսյանի մարմնավորած ոստիկանին Զավենն է տալիս, հնարավոր չէ:
Ընդհանրապես, մարդն իր կենսագրությամբ պետք է իրավունք վաստակած լինի որեւէ հարցի վերաբերյալ՝ մանավանդ ՀՅԴ-ի, կարծիք հայտնելու: Այս կերպարից շատ ավելի լուրջ գործիչներ սովետական տարիներին փորձում էին անել նույն բանը: Արդեն 100 տարի փորձում են կեղծած պատմություն ներկայացնելով վարկաբեկեն Դաշնակցությանն ու Առաջին Հանրապետությունը: Այս 100 տարվա մեջ նրանց խնդիրը չի եղել պատմական իրողությունների վերլուծությունը, նրանք փորձել են ջուրը պղտորել: Իմաստ չունի այս մակարդակի սուբյեկտների հետ նույնիսկ փորձել բանավեճ սկսել: Դա իրենց համար մեծ պատիվ կլինի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ