Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կորոնավիրուս. փետրվարին անհարկի խուճապ էր, այսօր՝ մարդկանց չգիտակցված անտարբերությո՞ւն

Հունիս 07,2020 18:51

Հարցը հռետորական չէ: Փետրվարի 27-ին Azatutyun TV-ի «Ըստ էության» հաղորդաշարի շրջանակում քննարկվում էր «Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում կորոնավիրուսին» թեման: Այդ ժամանակ Իրանում եւ Վրաստանում արդեն արձանագրվել էին նոր կորոնավիրուսի վարակման դեպքեր, Հայաստանում՝ ոչ:

Բոլորն են հիշում, որ այն օրերին նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանի մասին հրապարակումները որակվում էին անհարկի խուճապ տարածելու փորձեր:

Փետրվարյան այդ հաղորդման հյուրերն էին ՀՀ ԱՆ ՀՎԿԱՀ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, բժիշկ Հայկ Մանասյանը եւ դրանից մոտ մեկ ամիս առաջ Չինաստանից Հայաստան վերադարձած ուսուցիչ Դավիթ Առաքելյանը:

Վերջինը պատմում էր, որ Չինաստանի իրենց ապրած քաղաքում հենց սկզբից կանխարգելիչ խիստ միջոցառումներ են կիրառվել, ընդհուպ մինչեւ կարանտին սահմանելը, ինչը ժողովրդի մեջ խուճապ չառաջացրեց:

Գալով Հայաստան՝ Դավիթ Առաքելյանը առողջապահական համակարգում ականատես է եղել կորոնավիրուսի հանդեպ  որոշակի առումով իմիջիայլոց վերաբերմունքի, ինչին հաղորդման մասնակից մասնագետները հակադարձում էին կոշտ՝ նշելով, որ նա բժիշկ  չէ: Ըստ էության, բժիշկները վերահաստատում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նույն ժամանակահատվածում արած հայտնի այն պնդումը, թե նոր կորոնավիրուսը չի համարվում «շատ վտանգավոր կամ հատուկ վտանգավոր վարակ եւ հատուկ միջոցառումների կարիք չկա»:

Դավիթ Առաքելյանը որպես ականատես տեղեկացնում էր, որ Չինաստանում բոլորը վստահում են իրենց կառավարությանն ու առողջապահության նախարարությանը: Միեւնույն ժամանակ նա հավաստիացնում էր, որ ինքն էլ վստահում է մեր առողջապահության նախարարությանը, չնայած իր հասցեին շատ մեղադրանքներ է լսում, թե իրեն դրել է վիրուսաբանի տեղ:

Բժիշկ Հայկ Մանասյանը նրա ասածներին հակադարձում էր. «Չինաստանում կա էդ վիրուսը, Հայաստանում չկա էդ վիրուսը: Դուք ի՞նչ եք ուզում Հայաստանում տեսնեք առանց վիրուսի: Ես որպես բժիշկ ուզում եմ իմանամ՝ պացիենտը ի՞նչ ա ուզում տենա Հայաստանում, որ չի տեսել»:

Իսկ երբ պացիենտ Դավիթ Առաքեկյանը պատասխանեց, որ եթե հիվանդանոցում կորոնավիրուսով կասկածվողից թեստ են վերցնում ու ասում՝ գնա տուն, պատասխանի համար վաղը կգաս ու պնդեց, որ այդ վիրուսի դեմ այդպես չեն պայքարում, նախ Լիանա Թորոսյանն էր հայտարարում. «Իսկ ինչո՞ւ եկածները կարանտինի մեջ պետք է մտնեն: Դրա իմաստը չկա»: Իսկ բժիշկ Մանասյանն ավելացնում էր. «Մենք՝ բժշկությունը, պայքարում է ոչ թե առհասարակ կորոնավիրուսի դեմ, այլ կորոնավիրուսի այն տարատեսակի դեմ, որը մահացու, կյանքին վտանգ սպառնացող  կլինիկական երեւույթներ է զարգացնում… Եթե դուք վարակվել եք վատ վիրուսով, պետք է տենդ ունենաք: Մենք ուրիշ ձեւ չենք հասկանում: Եթե ինքը տենդ չի տվել, ուրեմն չի հանդիսանում ուշադրության առարկա… մինչեւ տենդ առաջացնելը, մինչեւ «հանցագործություն գործելը» տվյալ վիրուսը մեզ հետաքրքիր չի: Անգամ, եթե դա տեւի հինգ տարի: Մենք չենք պայքարում, որ կորոնավիրուս չլինի: Թող լինի, բայց լինի ոչ մահացու: Ես կարծում եմ՝ ԱՀԿ-ն աշխատում է այս ուղղությամբ, որ մենք թողնելու ենք կորոնավիրուսը տարածվի: Բայց ոչ մահացու տարատեսակը: Մենք թողնում ենք, որ հասկանանք, թե որն է մահացու, որը՝ ոչ: Դրա համար ձեզ կարանտին չեն դնում»:

Նարեկ Վանեսյանը՝ դիմելով Azatutyun TV-ի հաղորդավարուհուն, ասում էր, որ հեռուստաընկերության նկարահանած որոշ վիդեոները ժողովրդի մեջ խուճապ են առաջացրել: «Այդ թվում հիվանդանոցի րոպեական սարքումը եւ մասկաներով պտտվելը ազգաբնակչության մեջ որոշակի խուճապ է առաջացրել: Դուք հավատում եք Չինաստանի առողջապահության նախարարությանը, մերին՝ չէ»,-ասում էր նա:

Հաղորդման ավարտին ՀՎԿԱՀ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը խոսում էր նաեւ դիմակների մասին: «Այս հարուցիչների մասնիկներն այնքան են, որ հասարակ վիրաբուժական դիմակներով կարելի է չվարակվել: Սակայն դիմակամանիայի այս խուճապը պետք չի: Պետք չի նման ծայրահեղ քայլերի դիմել: Ներկա դրությամբ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Հայկական «տուն է՝ պետք կգա» ավանդույթն էլ դնենք մի կողմ եւ ավելի տրամաբանորեն, ավելի սթափ մտածենք: Այս պահի դրությամբ դեպքեր չկան արձանագրված»,-ասում էր  տիկին Թորոսյանը:

Հիմա Հայաստանում համաճարակային վիճակը ծանր է, անգամ՝ աղետալի, ինչը վարչապետն է ասում: Փոխվել են նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին նախնական պատկերացումները: Եվ ժամանակն է, որ ազգովի պայքարենք, որպեսզի նոր կորոնավիրուսը Հայաստանում հումանիտար աղետի չվերածվի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930