Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնեբեկով, մատղաշ կարտոֆիլով եւ «վինեգրետ» թանձրուկով տաք աղցան

Հունիս 07,2020 14:30

«Վինեգրետ» թանձրուկը ոչ մի ընդհանուր բան չունի բոլորիս դեռ մանկուց հայտնի «Վինեգրետ» աղցանի հետ: (Չհաշված՝ որ այդ աղցանի վրա էլ են լցնում «վինեգրետ» թանձրուկին նմանվող ինչ-որ բան): Ֆրանսիական ծագմամբ այս թանձրուկը աղցանների մեջ ամենաշատն օգտագործվող թանձրուկն է, շատ հեշտ՝ պատրաստելու համար եւ շատ համեղ: Այն կարելի է պարզապես լցնել ցանկացած թարմ կամ խաշած բանջարեղենի վրա, եւ ստանալ հրաշալի խորտիկ: Այս անգամ վինեգրետ թանձրուկով պատել ենք ծնեբեկով եւ մատղաշ կարտոֆիլով աղցանը:

Անհրաժեշտ մթերքները

Ծնեբեկ – 1 կապ (մոտավորապես 20-22 հատիկ)

Մատղաշ կարտոֆիլ- 10-15 հատ

Սխտոր-2 պճեղ

Սամիթ-2-3 ճյուղ

Արեւածաղկի, դդումի սերմ կամ նուշի փաթիլներ-1 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Ձուկ (եթե բուսակերների համար եք պատրաստում աղցանը՝ այս բաղադրիչը հանեք)- 100 գրամ

Կիտրոն-1 հատ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, հազրեվարդ(ռոզմարին), ծիթրոն կամ ուրց՝ ըստ ճաշակի

Թանձրուկի համար

Մանանեխ-1 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ- 100 մլ

Կիտրոնի հյութ-1-2 ճաշի գդալ

Խնձորի կամ սպիտակ գինու քացախ-1 ճաշի գդալ

Կանաչ սոխ-2 ճյուղ

Պատրաստման եղանակը

Եթե պատրաստելու եք ձկով աղցանը, ապա կարող եք վերցնել ցանկացած փշազերծված ձուկ, օրինակ՝ խորոված, խաշած կամ ապխտած իշխան, պահածոյացված թյունոս, մարինացված տառեխ եւ այլն: Սակայն ամենահամեղն, իմ կարծիքով, սեփական արտադրության մարինացված իշխանը կամ սաղմոնն է: Այստեղ կարող եք գտնել ձկան մարինացման երկու տարբերակ՝ տարբերակ 1 եւ տարբերակ 2:

Կարտոֆիլը լավ լվանալ, քիչ ջրով խաշել մոտ 10 րոպե:

Այդ ընթացքում միացնել ջեռոցը 250 աստիճանի վրա, որ տաքանա:

Ծնեբեկի ցողունի չոր հատվածը կտրել, գցել: Լավ լվանալ, մաքրել թեփուկները: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք կամ ցողեք ձեթով, շարեք ծնեբեկը, վրան աղ ցանեք եւ ձիթայուղ ցողեք: Կարող եք նաեւ դդմի, արեւածաղիկի սերմեր կամ նուշի փաթիլներ լցնել վրան, որ մի թեթեւ կարմրեն ջեռոցում: Կիտրոնի կեղեւը մանր անցքերով քերիչով քերեք, դրեք մի կողմ՝ թանձրուկի համար: Այդ կիտրոնից 3-4 բարակ շերտ կտրեք, շարեք ծնեբեկի վրա, մնացածից հյութը քամեք եւ պահեք թանձրուկի համար: Ծնեբեկը դրեք ջեռոցը:

Մեկ այլ տապակի մեջ  յուղաթուղթ փռեք, կիսախաշ կարտոֆիլը շարեք վրեն, ձիթայուղով ցողեք, ավելացրեք մանր կտրատած սխտորը, աղ, կարմիր չոր պղպեղ, չորացրած կամ թարմ հազրեվարդ կամ ուրց կամ ծիթրոն, եւ նույնպես դրեք ջեռոցը:

Ծնեբեկը պատրաստ կլինի 4-5 րոպեից, կարտոֆիլը՝ 6-7: Ամեն դեպքում, կարտոֆիլի պատրաստվածությունը կարող եք ստուգել պատառաքաղով:

Մինչ ծնեբեկն ու կարտոֆիլը ջեռոցում են, պատրաստեք թանձրուկը:

Մանանեխի վրա լցրեք ձիթայուղը, լավ խառնեք, ավելացրեք կիտրոնի կեղեւի քերուկը, կիտրոնի հյութը, էլի լավ խառնեք, պետք է դառնա մածուցիկ զանգված, ավելացրեք նաեւ քացախը, աղ, սեւ պղպեղ եւ մանր կտրատված կանաչ սոխը:

Մատուցարանի վրա շարեք ջեռեփ կարտոֆիլները՝ մեջտեղից կիսված:

Կարտոֆիլի վրա շարեք երկու-երեք մասի կտրատված ծնեբեկը:

Եթե ձկով եք անում աղցանը, շարեք նաեւ ձուկը:

Այս բոլորի վրա լցրեք թանձրուկը, ապա մանր կտրատած սամիթը եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930