Լրահոս
Օրվա լրահոսը

Քուչի կռիվ Ազգային ժողովում

Հունիս 07,2020 12:00

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխությունը միանգամայն այլ ուղղություններով շեղվեց, եւ եթե Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը գաղափարապես համահունչ էր հեղափոխության հաղթանակին, ապա հեղափոխությանը, հեղափոխականներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխության գաղափարներից ու հաղթանակից հիմնականում շեղող մյուս հանգամանքը կորոնավիրուս անվանյալ փորձանքն էր, որն իրենով արեց ամեն ինչ՝ Չինաստանից սկսած եւ ԱՄՆ-ով, Իտալիայով ու գրեթե բոլորով վերջացրած, եւ եթե առաջին շրջանում կորոնավիրուսը հիմնականում հեռու մնաց մեզնից ու Հայաստանից, իր վրաերթի երկրորդ շրջանում ընդհուպ է մոտեցել մեզ՝ իրենով անելով մեզ ու մեր ողջ առօրյան: Այսուհանդերձ, կորոնավիրուսի առկայության պայմաններում մեզանում այլ զարմանալի իրադարձություն էլ տեղի ունեցավ, որը մեզ թույլ չի տա մեր հիշողությունից ջնջել իրեն:

Խոսքը վերաբերում է հեղափոխական Սասուն Միքայելյանի եւ «Լուսավոր Հայաստանի» առաջին դեմք Էդմոն Մարուքյանի հակամարտությանը՝ մեղմ ասած հակամարտությանը, որի արդյունքում «Լուսավոր Հայաստանի» լուսավորությունը զգալիորեն խամրեց, եթե չասենք՝ մարեց:

Հետաքրքիր է, որ կորոնավիրուսի ու հանրային խիստ զբաղվածության պայմաններում «Լուսավոր» Մարուքյանն ու Միքայելյան Սասունը տվյալ պահին համարեցին, որ տվյալ պահը ռազբորկայի ու հաշիվ մաքրելու համար չափազանց հարմար պահ է, եւ չնայած հետ այդու էլ մեզ համար անհայտ մնաց տվյալ ռազբորկայի բուն պատճառը, այդուհանդերձ, չենք կարծում, որ Հոկտեմբերի 27-ի պես արհավիրք տեսած մեր Ազգային ժողովին Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան քուչի կռիվը կարող էր զարմացնել:

Բայց զարմացողներս զարմացանք, որովհետեւ թավշյա կոչվող հեղափոխության թավիշը մի քանի վայրկյանում ոչ միայն փոշիացավ, այլեւ նույնիսկ կասկածի տեղիք տվեց՝ թե երբեւէ եղել է, եւ կասկածողներս չենք էլ հիշում՝ թե երբեւէ եղել է այն թավիշը, որով անձամբ Սասուն Միքայելյանն էլ պակաս չէր հպարտանում, եւ որն անձամբ Սասուն Միքայելյանը ջուրը գցեց՝ ողջ թավիշի հետ մեկտեղ նաեւ անձամբ Էդմոն Մարուքյանի եւ ողջ «Լուսավոր Հայաստանի» լուսավորությունը մարելով, եւ չնայած Սասուն Միքայելյանի ապտակն իրենից մեծ ու երեւելի բան չէր ներկայացնում, բայց մենք այդ տղայական ու փողոցային «չափալաղին» մի ամբողջ վերլուծական ենք նվիրում, որովհետեւ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո տվյալ ապտակը միանգամայն նորություն էր, որն իրենով ոչ միայն ի չիք դարձրեց «Լուսավոր Հայաստանի» ողջ լուսավորությունն ու անձամբ Էդմոն Մարուքյանի ողջ հպարտությունը, այլեւ մեզ հորդորեց մերոնց քաղաքական ու խորհրդարանական փոխհարաբերություններին միանգամայն այլ չափանիշներով մոտենալ:

Եվ հետայսու այդ չափանիշներին մոտենալով՝ մենք պարտավորվում ենք մտապահել նաեւ Սասուն Միքայելյանի ապտակը, որի այդյունքում մենք ոչ միայն մեր ամենօրյա քաղաքական առօրյայից զգալիորեն ու նկատելիորեն շեղվեցինք, այլեւ մի լիարժեք ակնթարթ շեղվեցինք մեր ողջ այսօրն ու մեր ողջ առօրյան զգալիորեն ու նկատելիորեն շուրջկալած կորոնավիրուս աննախադեպ պատահարից:

Տարոսը, ինչպես ասում են, Սասուն Միքայելյանի մոտ:

Մի քիչ էլ՝ Էդմոն Մարուքյանի մոտ:

Որոշ չափով էլ՝ հանդիսատեսներիս մոտ:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
06.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ամեն ինչ սկսվեց ճտիկով գրիչից….
    Այս փիլիսոփայության մեջ է հետ հեղափոխական Հայաստանը, ցավոք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930