Երգահան, հեղինակ կատարող, հասարակական գործիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան:
Դիմում եմ Ձեզ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ և որպես Հայաստանի ազատ և ինքնազբաղ արվեստագետների քաղաքացիական հատվածի ներկայացուցիչ` ազատ արվեստագետ:
Խնդրում եմ Ձեր կազմակերպչական աջակցությունը խորհրդանշական համերգ-ակցիայի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
Կարդացեք նաև
Այս նախաձեռնության իրականացումը խորհրդանշական է մի շարք պատճառներով` այն անցկացվելու է ի զորակցություն ամենավտանգված մասնագիտական խմբի` բուժաշխատողների և ամենաանտեսված սոցիալական խմբի` ազատ արվեստագետների` խորհրդանշելով հասարակական համերաշխություն և իրար սատար կանգնելու յուրաքանչյուրիս հանրային պարտքը:
Խորհրդանշական է նաև այն, որ երկու մասնագիտությամբ և գործունեության ոլորտներով կապված եմ արվեստի (երաժիշտ) և բժշկության (ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ) բնագավառների հետ:
Խորհրդանշական է վայրը` Զվարթնոց «արթուն ուժերի» տաճարի պատմամշակութային տարածք:
Խորհրդանշական է «Մաշտոց-Կոմիտաս» ծրագիրը` Մեսրոպ Մաշտոցի շարականների մշակումների շարքը և Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարը:
Այդ ծրագրի կատարումը չեղարկել էր ՀՀ մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 29-ին, 2017-ին:
Խորհրդանշական է կազմը` արվեստի ազատ դաշտի ներկայացուցիչ` մենակատարների և պետական նվագախմբի երաժիշտների համագործակցություն` ի նշան արվեստի համընդհանուր դաշտի առկայության:
Համերգը նախատեսվում է անցկացնել բացօթյա` տաճարի տարածքում, կարանտինի անվտանգության բոլոր պահանջների խիստ պահպանմամբ, առանց հանդիսատեսի, ուղիղ հեռուստատեսային և համացանցային հեռարձակմամբ:
Համերգի տևողությունը՝ 60-70 րոպե:
Երաժիշտների կազմ․
Մենակատարներ` երգիչ, երգչուհի, դուդուկ, հայկական վիոլա, ֆլեյտա, հոբոյ, երկու գալարափող:
Նվագախումբ` դիրիժոր և կամերային լարայինների կազմ, կամ կամերային նվագախումբ:
Հաղորդավար։
Տեխնիկական բաղադրիչ․
Հնչյունային և վիդեո սպասարկման համակարգեր, հեռարձակման համակարգ, փորձերի համար ստուդիա,
փոխադրամիջոցներ:
Խորհրդանշական է բյուջեն` ուղիղ այնքան, որքան ԱԺ-ն տրամադրել էր Վարդավառի տոնին գորգերի լվացման համար, հուլիսի 25-ին, 2019: Գումարները կտրամադրվեն մասնակից երաժիշտներին և տեխանձնակազմին` կարանտինի ընթացքում հակաճգնաժամային բոլոր ծրագրերից դուրս մնացած այս զանգվածին` իբրև խորհրդանշական խրախուսանք և փոխհատուցում իրենց աշխատանքի դիմաց:
https://www.facebook.com/vahanartsruni/posts/3695937920423287