Կառավարությունը հաստատեց շինությունների եւ հողի գույքահարկի նոր դրույքաչափերը, որոնք, ըստ ֆինանսների նախարարի, 4,3 անգամ բարձր են լինելու գույքահարկի գործող դրույքաչափերից։ Իրականում գույքահարկը տասնյակ անգամներով է բարձրանալու։
Կառավարությունը գույքահարկ է բարձրացնում հենց այն պահին, երբ երկիրը գտնվում է տնտեսական եւ առողջապահական համակարգի խորը ճգնաժամի մեջ։ Արդարացումը, որ դա կյանքի է կոչվելու եկող տարվանից եւ աստիճանաբար, ոչինչ չի փոխում, քանի որ հայտնի չէ, թե այս ճգնաժամը որքա՞ն է շարունակվելու եւ ի՞նչ հետեւանքներ է ունենալու մարդկանց սոցիալական վիճակի վրա։
Գույքահարկի բարձրացմամբ բանկային գաղտնիքի բացահայտելու հնարավորություն ստանալու եւ ապօրինի գույքը առանց դատարանի որոշմամբ բռնագանձելու օրենքների ընդունումից հետո երկրի գործարար եւ ներդրումային միջավայրին եւս մեկ ծանր հարված է հասցվում։
Նիկոլ Փաշինյանի այն արդարացումը, որ այս օրենքով հավելյալ հարկում ենք ճոխությունը, իսկ էժան գույք ունեցողների համար գույքահարկն էապես չի ավելանալու, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Ավելին, այն ավելի շատ թանկանալու է հենց էժան գույք ունեցողների, այլ ոչ թե թանկ գույք ունեցողների համար։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ ըստ կառավարության հիմնավորման, նոր նախագծով գույքը հարկվելու է հիմք ընդունելով ոչ թե ներկայիս անհամեմատ ավելի ցածր կադաստրային արժեքը, այլ՝ էապես բարձր շուկայական արժեքը։ Բացի դրանից, հարկվելու են ոչ թե «հողի և դրա վրա կառուցված շինությունների կադաստրային արժեքներն առանձին-առանձին, այլ այդ գույքային միավորի՝ որպես հողի և դրա բարելավումների (հողի վրա կառուցված շինությունների) շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հանրագումարը»։ Այսինքն, եթե առանձին շինությունը եւ առանձին հողը ունեին ավելի ցածր արժեք եւ հարկվում էին հիմք ընդունելով նրանց ներկայիս ցածր կադաստրային արժեքները, ապա նոր օրենքով՝ միասին վերցրած շուկայական արժեքը։
Ամենակարեւորը՝ հարկման դաշտից դուրս գույք այլեւս չի լինելու։ Ներկայումս մինչեւ 3 մլն դրամ գնահատված արժեքով շինությունները չեն հարկվում, իսկ դա նշանակում է, որ սոցիալապես անապահովներն են օգտվում այդ հնարավորությունից։ Այսուհետ՝ բոլորն են հարկվելու։
«Մենք զուտ բանաձեւով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել եւ պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ ասենք այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ որ դեպքում է, որ 200 տոկոսով աճում է հարկը, դա այն դեպքն է, որ ասենք հիմա վճարում է 500 դրամ, բայց պետք է վճարի 1000 դրամ: Իհարկե, կան դեպքեր, որ հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց դա արդարացի ենք համարում, որովհետեւ այսօր մեծ դղյակներ կան, որ տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ», սա ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նախ՝ փաստենք, որ 1 դրամ արժեքով գույքահարկ չկա։ Հրապարակմանը կից բերված՝ ներկայումս գործող սանդղակում նշված է, որ 3 մլն-ից մինչեւ 10 մլն գնահատված արժեք՝ այսինքն հարկման բազա ունեցող գույքի գույքահարկի նվազագույն չափը 100 դրամն է՝ գումարած 3 մլն դրամը գերազանցող արժեքի 0,1 տոկոսը։ Այս դեպքում, եթե հիմք ընդունենք գույքահարկի նվազագույն չափը՝ 100 դրամը, ապա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ այն բազմապատկելով 300-ով կամ 400-ով, կստանանք 30-40 հազար դրամ։ Հուսանք, որ սա պարզապես հերթական սխալ արտահայտությունն է եւ գույքահարկն այդ չափով չի բարձրանա։
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում