Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ջրի գործով» անմեղսունակ ճանաչվածը հինգ տարի է՝ դատարաններում է

Հունիս 06,2020 13:00

Միջնորդում են՝ հարկադիր բուժում, ինչն իրեն առողջ համարողը չի ընդունում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր 2016թ. հունիսի 28-ին դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը` «քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակել հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության բաժանմունքում, միջնորդությամբ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Պողոսյանը վճռել էր` Աստղիկ Խ.-ին ազատել Քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ նշանակել հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության բաժանմունքում:

Աստղիկի ներկայացուցիչը բողոք էր բերել վերաքննիչ դատարան, այն մերժվել էր, իսկ այս տարվա ապրիլի 7-ից վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան եւ սպասում են դրա պատասխանին:

Տեղեկացնեմ, որ ըստ հինգ տարի առաջ առաջադրված մեղադրանքի,  Աստղիկն իր բնակարանի ջուրը բաց էր թողել հարեւանի վրա, վնասել հարեւանի բնակարանը, պատճառել ութ հարյուր հազար դրամի վնաս:

Անցյալ տարվա փետրվարից սկսվել էին Հոգեկան առողջության կենտրոնի միջնորդության հետ կապված դատական գործընթացները. այս անգամ կենտրոնը միջնորդել էր Աստղիկի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինել:

Դատարանն այս տարվա մարտին բավարարել էր այդ միջնորդությունը:

Սակայն Աստղիկն իրեն առողջ է համարում, եւ օրեր առաջ էլ իր տուն եկած ոստիկանների հետ կապված էլ (նրանք ծեծել էին դուռը, վնասված  դիտանցքից, որը փակված էր շորով` նայել, 35000 դրամ նպաստ տալու պատրվակով փորձել էին մտնել Աստղիկենց բնակարան) դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «թեժ գծին»:

Աստղիկը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնել էր, որ իր նկատմամբ ամենը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն աշխատանքից ազատել էին, եւ նա միայնակ Բաղրամյան պողոտայի վրա` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կանգնել եւ լուռ բողոք  էր արել: Լուռ բողոքների հետ կապված էլ դիմել էին վարչական դատարան:

Աստղիկի պաշտպանությունը ստանձնած նախկին ներկայացուցիչը` Ա. Հակոբյանը, դատարանում առարկել էր հոգեբուժարանի միջնորդության դեմ, իսկ Աստղիկն էլ դատարանում պնդել էր, որ հիվանդ չէ, եւ կամավոր չի շարունակի բուժումը: Բարձրագույն կրթություն ունեցող, Երեւանի պետական համալսարանը փայլուն առաջադիմությամբ ավարտածին անմեղսունակ են ճանաչել եւ փորձել մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ հարեւանի տան գույքը «միտումնավոր» վնասել է, այն է` ջուր է բաց թողել, կես միլիոն դրամից ավելի վնաս պատճառելով նրան:

Աստղիկը մեր հեռավար զրույցի ժամանակ ասաց, թե հինգ տարի առաջ իր նկատմամբ կայացված որոշումներից մեկը` անմեղսունակ ճանաչելու մասին,  նոր է տեղ հասել:

Փաստորեն, իր անձին առնչվող փաստաթղթի՝  իր անձնական գաղտնիքը պարունակող   հոգեբուժական փորձաքննության որոշման մասին հինգ տարի հետո է տեղեկացել: «Առավոտին» նա ասաց. «Եթե ես չեմ հետազոտվել, ինչպես եմ ճանաչվել անմեղսունակ»:

Ի դեպ, երբ այս տարվա հունվարին դատական նիստերից մեկին էի մասնակցում, դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշվել էր, որ Աստղիկը չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ, չի ստանում դեղորայք, քանի որ իրեն չի համարում հոգեկան հիվանդ:

Իսկ Հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային հարկադիր հիվանդների վերանայման հանձնաժողովի եզրակացության համաձայն էլ, Աստղիկն ունի հսկողությունը շարունակելու կարիք, ուստի հարկադիր բուժումը նա պետք է շարունակի հարկադիր հոգեբուժական բաժանմունքում:

ՀՔԾ-ին հաղորդում էր տվել Աստղիկը, հայտնելով, որ ոստիկանության Կենտրոնի աշխատակիցները կոտրել են իր բնակարանի դուռը, ապօրինի մտել բնակարան, ապօրինի զննել իր տան ջրագծերը:

Ի դեպ, նա բնակվում է իր մոր հետ, որեւէ շփում չունի հարեւանների հետ: Աստղիկն ասում է, որ իրեն շղթայակապ բերման են ենթարկել, երբ մոր ահազանգից հետո նա գնացել էր տուն, չորս ժամ շղթայակապ այդ վիճակով պահել են ոստիկանությունում, պատճառել հոգեկան, ֆիզիկական ցավ: Նա ՀՔԾ-ի ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ եղել են մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչ են անում իր եւ մոր դեմ, ինչպես նաեւ առկա է եղել տեսանյութ, որը, սակայն, չկա, չի զննվել: «Ջրի գործով» Աստղիկ Խ.-ի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորում երկու ամսով: Նրան բերման ենթարկելու ժամանակ, ոստիկանների հետ ներկա են գտնվել նաեւ ԱԻՆ փրկարարները, քանի որ երբ թակել են դուռը, եւ այն չի բացվել, մտածել են, թե հնարավոր է փրկարարների անհրաժեշտությունը լինի` ջրի արտահոսք, մահացած մեկը… բնակարանի դուռը բացելուց հետո պարզվել էր, որ Աստղիկն ու մայրը հյուրասենյակում են եղել: Այն, որ Աստղիկին ձեռնաշղթաներ են հագցրել, հաստատել են բնակարան գնացած ոստիկանության չորս տեսուչները, չորս ԱԻՆ աշխատակիցները: «Առանձնապես վտանգավոր» անձին, իրենց իսկ բնորոշմամբ «հիվանդ», երիտասարդ կնոջ մեկուսացմանը ներկա են եղել շտապօգնության աշխատակիցները, համատիրության աշխատակիցները: ՀՔԾ-ի որոշման նկարագրական մասում էլ արձանագրվել էր, որ ոստիկանները համատիրության աշխատակիցների հետ ջրի հետ կապված բողոք լսելուց հետո եկել են Աստղիկ Խ.-ի բնակարան, նրա մայրը բացել է դուռը, զարմացել, որ կա բողոք, թե ջուր են բաց թողել հարեւանների վրա, տեսել են ջրագիծը չոր է, տանն իրոք ջրի արտահոսք չկա, «առանց խնդրի դուրս են եկել»:

Անգամ հարեւանուհին, ում առաստաղն այդ պահին թրջվել է, բարձրացել է վերեւի հարկ, համոզվել, որ ջրագիծը չոր է, եւ Աստղիկենք արտահոսքի հետ կապ չունեն:

Աստղիկը դիմել է նաեւ գլխավոր դատախազին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930