Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Տեր-Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու տագնապը բացատրելի է». Լիլիթ Գալստյան

Հունիս 05,2020 23:00

«Մի տեսակ, պետության պաշտպաններն անազնիվ աղմուկով են աղմկում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն`անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկում-հայտարարությանը:

«Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- եզրահանգման է եկել առաջին նախագահը`նկատի ունենալով կորոնավիրուսային պատերազմում ընդդիմության պայքարն իշխանության դեմ:

«Լևոն Տեր Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու տագնապը բացատրելի է»,- ասաց Լիլիթ Գալստյանը`պատասխանելով հարցին`ինչպե՞ս է վերաբերվում առաջին նախագահի որակումներին: «Կարծում եմ, իր համար ցավալի է տեսնել, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը», և իհարկե, զուգահեռաբար արձանագրում է Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշը: Ի դեպ, որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար ես էլ եմ ափսոսում ու ցավում: Հենց այս իրողությունն է սնում շատ շատերի հուսահատությունը: Նիկոլը չկարողացավ»,- ասաց մեր զրուցակիցը`փաստելով, որ անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Լիլիթ Գալստյանը դարձյալ հիշեցնում է կիսատ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին: «Այո, համաձայն եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հաստատման՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»:

Մենք նաև հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում»: Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն: Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի կոնտեքստները՝ հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը: Եվ ի՞նչ. ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն: Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով: Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, տարածաշրջանի բացասական ռեկորդակիրը: Ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…»

Լիլիթ Գալստյանն արձանագրում է, որ արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում` խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

«Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված Լեւոն Տեր-Պետրոսյանը որքա՜ն խոհեմ կլիներ, եթե ժամանակին իր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տար և հորդորեր` քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը: Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով: Ու՞ր էր «պետության և իշխանության պաշտպան» Տեր-Պետրոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում է հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրը հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասաց մեր զրուցակիցը հարցնելով. «Այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…»

Լիլիթ Գալստյանի գնահատականը շատ հստակ է. «Նիկոլ Փաշինյանը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու խնդիրը: Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրկության մի վերջին ձախողված ճիգ: Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930