Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են… եկեք կատարենք դրանք». Կորոնավիրուսից ապաքինված, «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ

Հունիս 05,2020 21:30

«Ես երեկ դուրս եմ գրվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, որտեղ գտնվել եմ 14-15 օր։ Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ երկկողմանի թոքաբորբ, կորոնավիրուսային վարակ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց ջանասեր, բանիմաց աշխատանքի շնորհիվ ես այսօր խոսում եմ ձեզ հետ։ Այս հիվանդությունը բավականին նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,- այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը։

Նա հորդորեց՝ արհամարհանքով, քամահրանքով չվերաբերվել այդ հիվանդությանը։

Բժիշկն ասաց, որ երիտասարդները, թեեւ թեթեւ են տանում, բայց նրանք վարակը տանում են տուն ու վարակում տարիքով մեծերին։

«Պատերազմ է, ժողովուրդ, իսկական պատերազմ։ Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են, սա օրենք է եւ մենք ունենք կառավարության որոշումներ, եկեք կատարենք դրանք։ Ոչինչ պետք չէ հնարել՝ ես էսպես եմ ուզում, էն մեկն էնպես է ուզում, մեկը դիմակ ուզում է, մյուսին՝ խանգարում է։ Ոչ, պետք է կրենք դիմակներ, ձեռնոցներ, պահպանենք սոցիալական հեռավորությունը։ Եթե այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն ասում է, մենք ամսի 26-27-ին հաղթահարած կլինենք համավարակը»։

Պատրիկյանի խոսքերով՝ ամեն տեղից ծակծկում ենք, դանակահարում ենք, որ չկարողանա՞նք պայքարել․ «Եկեք հանգիստ թողնենք բժշկությանը եւ կառավարությանը։ Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի ազգաբնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն դեղորայքի, այն սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողանում ենք ճիշտ բուժում գտնել։ Ես ռենտգեն եմ անցել, ոչինչ թույլ չի տվել, միայն համակարգչային տոմոգրաֆիային հաջողվեց պարզել երկկողմանի թոքաբորբի առկայությունը»։

Բժիշկը կոչ արեց ՝ եկեք մեղավորներ չփնտրենք, պահպանենք կանոնները, եւ երբ հաղթահարված լինի համավարակը, դրանից հետո մասնագետները թվերով ու ապացույցներով կվերլուծեն ամեն ինչ։

«Մեկ է, բնությունը չի դադարելու պայքարել մարդու դեմ, մարդը դուրս է եկել բնության դեմ, բնությունն էլ՝ մարդու դեմ։ Պետք է պատրաստ լինենք»,-ասաց բժիշկը։

Փաշինյանն էլ հավելեց՝ մենք կարող ենք իրականացնել կարանտին առանց կարանտինի, եւ հասցեական գործողություններով բարձրացնել կարգազանց քաղաքացիների եւ տնտեսվարողների պատասխանատվությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930